Ժամանակ է պետք հետաքննության համար, որպեսզի մազի չափ շեղում չլինի. ԱԽ քարտուղարը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը։ Լրագրողների հետ զրույցում Արմեն Գրիգորյանը նշեց, որ ժամանակ է պետք հետաքննության համար, որպեսզի մազի չափ շեղում չլինի։
«Բոլորն են հետաքրքրված, որ հետաքննությունը հնարավորինս բաց լինի, և հանրությունը տեղյակ լինի։ Եվ եթե կան անվտանգության հետ կապված որևէ սպառնալիքներ, մենք ամբողջությամբ դեպքը կհետաքննենք և հանրությանը կներկայացնենք»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
«Սեղանին ունեն տարբեր վարկածներ, քննարկում են և կարծում եմ, որ հանրությանը քայլ առ քայլ կտեղեկացնեն»,- նշեց ԱԽ քարտուղարը։ «Մտահոգություններ կան, կոչ կանեի, որպեսզի բոլորը զսպվածություն ցուցաբերեն, որովհետև սա պատասխանատու պահ է և բռնության և ցանկացած այլ կոչ անընդունելի է։ Ողբերգությունն այնպիսին է, որ բոլորս պատասխանատվություն պետք է ունենանք»,- հավելեց ԱԽ քարտուղարը՝ անդրադառնալով Գեորգի Կուտոյանի մահվանից հետո սոցցանցերում տարածված մեկնաբանություններին։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Գեորգի Կուտոյանին հրազենային վիրավորումով մահացած հայտնաբերել են Պարույր Սևակի 8/1 հասցեում գնտվող բնակարաններից մեկում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: