Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության ղեկավարության հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Սիլիկոնյան հովիտում Հայաստանի վարչապետն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների և, մասնավորապես, կիսահաղորդիչ չիպերի դիզայնի ոլորտում առաջատար «Սինոփսիս» ընկերության կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը։ «Սինոփսիս» ընկերությունը մասնաճյուղ ունի Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիա»-ն, որն ունի շուրջ 700 աշխատակից և գործում է 2004 թվականից:

Չի Ֆուն Չանը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը «Սինոփսիս» ընկերություն՝ նշելով, որ իրենք կարևորում են Հայաստանի հետ համագործակցությունը և դրա շարունակական զարգացումը։ Նա ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները, ծրագրերը, նշել, որ «Սինոփսիս»-ն ունի 120 գրասենյակ աշխարհի տարբեր երկրներում և աշխատակիցների ընդհանուր թիվը շուրջ 13000 է։  Նրա խոսքով՝ «Սինոփսիս»-ը շարունակաբար ավելացնում է իր գործունեության ծավալները և այդ շրջանակում մտադիր է նաև Հայաստանում ընդլայնել գործունեության շրջանակը։ «Սինոփսիս-Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, ով նույնպես մասնակցում էր ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը, նշել է, որ «Սինոփսիս-Արմենիա»-ն թե՛ ծրագրային, թե՛ կադրային առումով «Սինոփսիս»-ի կայուն զարգացող և արդյունավետ մասնաճյուղերից է և նախատեսում է տարեկան 100-ով ավելացնել աշխատակիցների թիվը։

Վարչապետ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ասել է, որ Հայաստանի համար «Սինոփսիս»-ն արժեքավոր գործընկեր է։ «Հայաստանի կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հռչակել է առաջնահերթություն, և մենք կարևորում ենք «Սինոփսիս» ընկերության հետ  համագործակցությունը։ Մենք հետաքրքրված ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ներգրավմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, մասնագետների պատրաստմամբ և պատրաստ  ենք կառավարության գործիքակազմով խթանել այդ գործընթացը», - նկատել է Հայաստանի վարչապետը։ Վարչապետը նաև դրվատանքով է խոսել Սինոփսիս-Արմենիայի և Երևանի Պոլիտեխնիկական համալսարանի տարիներ ի վեր գոյություն ունեցող համագործակցության մասին՝ նկատելով, որ այն ՏՏ ոլորտի խոշոր ընկերության կողմից կրթության և գիտության զարգացման ուղղությամբ արվող ներդրումների լավ օրինակ է։ Կարևորելով ոսումնական հաստատությունների և գործատուների նման գործակցությունը, Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության ծրագրերն ու նախաձեռնությունները տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որոնք միտված են տեխնոլոգիական ստարտափերի և ներդրումների համար առավել նպաստավոր էկոհամակարգի ձևավորմանը։

Կողմերը վերահաստատել են համագործակցության զարգացման պատրաստակամությունը և մտքեր փոխանակել հետագա համատեղ անելիքների շուրջ։ «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը նշել է, որ այս տարի «Սինոփսիս-Արմենիա»-ն նշում է հիմնադրման 15-ամյակը և հրավիրել վարչապետ Փաշինյանին՝ մասնակցելու այդ առիթով նոյեմբերին կայանալիք հանդիսավոր միջոցառմանը։