Բացել լրահոսը Փակել լրահոսը
008
A A
Հասարակություն

Արցախցի Իննեսան իր «MAGIC WOOL» բրենդի գաղափարը գործի է վերածել Հայաստանում

Իննեսա Ապրեսյանը «MAGIC WOOL» ապրանքանիշի հիմնադիրն է։ Ավարտել է Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի «Ագրոբիզնես» բաժինը։ «Ավարտելով ուսումս՝ աշխատանքի եմ անցել Ասկերանի «Օհանյան Բրենդի Կոմպանի» ընկերությունում որպես արտահանման գծով տնտեսագետ։ Աշխատանքիս զուգահեռ սիրում էի զբաղվել հելունագործությամբ։ Շրջափակման ընթացքում հենց այդ աշխատանքի մեջ էի կտրվում առօրյա դաժան իրականությունից և հիմնական աշխատանքիս զուգընթաց ստեղծում երազանքների իմ աշխարհը»։

007.jpg (125 KB)

Բրենդի անվանումը պատահական չէ ընտրված, որ թարգմանաբար «կախարդական բուրդ» է նշանակում։ Բրդյա գույնզգույն թելերը հելունի օգնությամբ Իննեսայի հմուտ ձեռքերում յուրօրինակ խաղալիքների, ծածկոցների, մանկական գեղեցիկ շորիկների են վերածվում։ «Պատրաստում եմ նաև երեխաների ամսականների համար ֆոտոզոնաներ՝ըստ հաճախորդի պատվերի։ Սկզբնական շրջանում այսքանն անում էի հարազատների, ընկերների համար։ Հետո, երբ զգացի, որ պահանջարկ կա՝ սկսեցի մտածել իմ կարողությունները եկամտի աղբյուրի վերածելու մասին»։

Հազարավոր արցախցիների նման Իննեսայի նորաստեղծ ընտանքը ևս բազմաթիվ խոչընդոտների միջով է անցել՝ մինչև Հայաստանում հաստատվելը։ «Շատ եմ սիրում իմ մեծ ու գեղեցիկ ընտանիքը։ Արցախում ամեն մեկն իր սիրած գործով էր զբաղվում՝ գյուղատնտեսությունից մինչև ավտովերանորոգում։ Ես էլ իմ փոքրիկ անկյունն ունեի, որտեղ ինձ շատ լավ ու ապահով էի զգում՝ սիրած գործով զբաղվելու համար։ Ցավոք, այդ ամենն այսօր անցյալում է, քանի որ բռնի տեղահանման պատճառով մեր ընտանիքը մասնատվեց»,- տխրությամբ ու մեծ ցավով է հիշում Արցախում ապրած վերջին օրերը։ Սեպտեմբերի 19-ի դաժան լուսաբացը, ապա դրան հաջորդած իրարամերժ տեղեկությունների տարափը հուսահատություն էր առաջացրել բորորի մոտ։ «Սեպտեմբերի 24-ին ինչպես բոլոր արցախցիները, մենք ընտանիքով տեղահանվեցինք Արցախից՝ մեզ հետ վերցնելով առաջին անհրաժեշտության իրերը։ Այդ պահին շատ շփոթված էինք, չէինք գիտակցում՝ ինչ է կատարվում։ Միայն մտածում էինք ողջ դուրս գալ, մնացածը կարևոր չէր»։

009.jpg (42 KB)

Իննեսայի հաջողության բանալին, ինչպես ինքն է ասում՝ հաստատակամությունն է։ «Երբ հուսահատության ալիքն ուզում է գլուխ բարձրացնել՝ ինքս ինձ ասում եմ. «Ես դա կարող եմ»։ Երևանում հաստատվելուց հետո կրկին ձեռք եմ բերել անհրաժեշտ իրերը և սկսել գործել՝ ավելի եռանդով, քանի որ եթե Արցախում զբաղմունքս հաճախ սիրողական բնույթ էր կրում, այժմ այն որոշակի եկամուտ է ապահովում։ Ուստի ջանում եմ գործվածքների բազմազանություն ապահովել, քանի որ շուկա մտնելու համար պետք է կարողանալ մրցունակ լինել»։

 Անահիտ Պետրոսյան