Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանդատը ստանալուց հետո խոստումները մնում են բարի ցանկություններ. ՍԴ նախագահ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
0913244411e823d858d72d96602e5ca2

Գործող բազմաթիվ իրավական ակտեր չեն համապատասխանում երկրի Մայր օրենքին: Այսօր հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկման ժամանակ։ Պարոն Հարությունյանը հիշում է՝ 2005 թվականին սահմանադրությունում ամրագրվեց դրույթ, ըստ որի ԱԺ-ը պետք է բոլոր իրավական ակտերը համապատասխանեցներ Սահմանադրությանը։ Պարոն Հարությունյանը մինչեւ այսօր որեւէ ծրագրային մոտեցում չի տեսնում։ Քննարկմանը ներկա ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը արդարանում է ՝ նախ օրենսդիրը քաղաքական մարմին է, հետո էլ 5-րդ գումարման ԱԺ-ում չկա աշխատանքային խումբ, որ զբաղվի օրենսդրական նախաձեռնություններով։ Միաժամանակ խոստովանում է՝ յուրաքանչուր պատգամավոր ազատ է իր նախաձեռնություններում. «Կոնկրետ ես իմ փորձից կարող եմ ասել, որ ես 5 նախաձեռնություն արել եմ այս առումով։ Մենք այս հարցը պետաիրավական հանձնաժողովում կքննենք։ Հնարավոր է, որ նման խումբ ստեղծվի ԱԺ-ում»։ Երբ պատգամավորը մանդատ է ուզում, խոստանում է այն, ինչ իր երեւակայությունը բավարարում է՝ ասում է Գագիկ Հարությունյանը, բայց երբ համադրում ես նրա խոսքն ու գործը, սարերի ու ձորերի տարբերություն ես տեսնում. «Մենք տեսնում ենք ծրագրային մոտեցումների բացարձակ անհամապատասխանություններ։ Մանդատը ստանալուց հետո, բոլոր խոստումները մնում են բարի ցանկություններ»,- ասում է նա։ Անկախ պատգամավորը կրկին հակադարձեց՝ բոլոր աշխատանքային ռեսուրսները կենտրոնացած են կառավարությունում։ ԱԺ մարդկային փորձագիտական ռեսուրսների առումով շատ թույլ է. «Բարդ է պատգամավորից պահանջել նման բան, երբ ամեն մեկը ունի մի օգնական։ Ընտրությունից ընտրություն մենք պետք է հասկանանք, որ ցանկանում ենք ունենալ պատգամավոր, որ իրենց համար է աշխատում, թե օրնիբուն օրենսդրական նախաձեռնություններով է զբաղվելու»։ ԱԺ- ում կստեղծվի այդ հանձնաժողովը թե ոչ՝ դժվար է ասել։ Իսկ ՍԴ նախագահը հարկ է համարում եւս մեկ անգամ զգուշացնել՝ եթե ծրագրային լուծումներ չլինեն, ապա իրավական պետության ստեղծումը կմնա օդից կախ։