Կողմերը մեղքը մեկը մյուսի վրա են գցում. ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հայտարարություն են տարածել մայիսի 16-19-ը տարածաշրջան կատարած այցի առնչությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ լրատվական ծառայությունից, այցի հիմնական նպատակն էր վերստուգել իրավիճակը` Լեռնային Ղարաբաղում, այդ թվում` Քարվաճառում (Քելբաջար) և Բերձորում (Լաչին): Այցի ընթացքում նրանց էր միացել նաև դեսպան Պիեռ Անդրիուն, ով հունիսից կփոխարինի դեսպան Ժակ Ֆորին` Ֆրանսիայի համանախագահի պաշտոնում: Նշվում է, որ կատարված այցի ընթացքում Մինսկի խմբի միջնորդները բարելավումներ են նկատել ենթակառուցվածքների ոլորտում: Միաժամանակ նշվում է, որ վերջին տարիներին բնակչության քանակի փոփոխություն չի արձանագրվել: Ինչպես նշվում է համանախագահների հաղորդագրությունում, այց է կատարվել նաև Սարսանգի ջրամբար, ուր ԵԱՀԿ ներկայացուցիչները հաստատության ղեկավարների հետ քննարկել ջրամբարի կարգավիճակը և գործունեությունը: Համանախագահները հույս են հայտնել, որ կողմերը համաձայնության կգան այդ ջրային ռեսուրսները համատեղ տնօրինելու` ի նպաստ տարածաշրջանի: Մայիսի 19-ին համանախագահները Թերթերի մերձակայքում հատել են սահմանը: Նրանք ցավ են հայտնել շփման գծում տեղի ունեցող զինադադարի շարունակական խախտումների և դրանց արդյունքում տեղի ունեցած մահացությունների համար: «Զինադադարի նման խախտումները հետաքննելու մեխանիզմի բացակայությունը թույլ է տալիս կողմերին մեղքը մեկը մյուսի վրա գցել»,- ասվում է հաղորդագրությունում: Այցի ընթացքում, համանախագահները զրույցներ են ունեցել Երևանի և Բաքվի պաշտոնյաների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների, Քարվաճառի տեղական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այնուհետև այցելել են Լաչին: Բաքվում նրանք հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են խաղաղության գործընթացի մանրամասները` ընդգծելով, որ հիմնախնդրի երկարատև կարգավորման հիմքը շարունակում են մնալ 2009-2013 թվականներին համանախագահող երկրների նախագահների հայտարարություններում ուրվագծված տարրերը: Թարգմանությունը՝ «Արմենպրես»-ի Լուսանկարը՝ Ջեյմս Ուորլիքի Թվիթերի էջից