«Ես հրավիրված եմ եղել, բայց չգիտեմ որպես ով». Հակոբ Հակոբյան (տեսանյութ)
«Արտոնյալ գործարարներ չպետք է լինեն»,-Հովիկ Աբրահամյանի այս միտքը կիսում է խոշոր գործարարների հետ նրա հանդիպմանը մասնակցած սպիրտային խմիչքներ ներկրող հանրապետական պատգամավոր Արման Սահակյանը. «Ես չեմ կարծում, որ մեր հետ կապված որեւէ խնդիր կա, իմ ընկերությունների»: Իսկ ովքե՞ր են արտոնյալ գործարարները, դեմքով որեւէ մեկին գիտի՞ Արման Սահակյանը. «Կոնկրետ` չէ»: Հանդիպման մյուս մասնակիցը` արմավիրցի գործարար, հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը նույնիսկ ամաչում է հարցից. «Էդպես բան ես ո՞նց կարամ ասեմ»: «Կան այդպիսի գործարարներ»,-ասում է հանդիպման մյուս մասնակիցը` սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը, բայց Հակոբ Հակոբյանն այդ գործարարներից չէ, ինքը նույնիսկ չգիտի, թե իրեն ինչու էին հրավիրել. «Ով որ ինձ կանչել ա, նրան պիտի հարցնեք, ես հրավիրված եմ եղել, բայց չգիտեմ որպես ով»: Պարոն Հակոբյանը նույնպես դեմքով չգիտի ստվերում աշխատող գործարարներին, բայց նրանք կարող են լինել խոշոր գործարարներ, առավելեւս՝ Հովիկ Աբրահամյանի հրավերին արձագանքածները. «Բոլորն էլ կան, էլ ինչի՞ ես հարցդ ճշտում, կոնկրետացնում, չգիտեմ ինչ»: Պատգամավորը չի ասի, թե ինչու խոշոր գործարարներին ստվերից դուրս բերելու հարցում ձախողվեց նախորդ վարչապետը, համենայնդեպս հիմա չի ասի. «Նախորդ վարչապետը չկա, կստացվի, որ ես գիտեի չէի ասում բարձրաձայն, հիմա բարձրաձայնում եմ»: Համարձակ մարդ է եղել Հակոբ Հակոբյանը, նա միշտ էլ բարձրաձայնել է տնտեսության մեջ ծավալվող ստվերի եւ այլ խոչընդոտների մասին. «Դուք չգիտեք՝ ես ինչ եմ ասել, երբ եմ ասել, որտեղ եմ ասել, չգիտեք ոչ մեկը, որովհետեւ դա չի եղել եթերով, չի եղել բարձրաձայն»: Վահրամ Բաղդասարյանը չգիտի` Տիգրան Սարգսյանը փորձե՞լ է պայքարել ստվերում գտնվող խոշոր գործարարների դեմ, թե չի պայքարել, կարող է պատահի` պայքարել է. «Կարող է քայլերը դանդաղ էին, եւ ներկա վարչապետին ձեռք չի տվել այդ քայլերը»: