Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գորիսում ազատագրական պայքար չկա». Սուրիկ Խաչատրյան

Քաղաքականություն
e13e34c20c56e6bf03c85aa5eb6a0082

Գորիսում քաղաքապետի ընտրություններին ընդառաջ տոնական տրամադրություն է, ոչ մի լարվածություն չկա։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ «Ոչ մի ազատագրական պայքար չկա։ Թեկնածուներն իրար հետ շատ ջերմ հարաբերություններ ունեն, եւ ընտրություններն էլ ընթանալու են շատ քաղաքակիրթ պայմաններում»,-ասաց Սուրիկ Խաչատրյանը։ Պարոն Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ Գորիսի ՀՀԿ տարածքային կառույցը որոշել է պաշտպանել թեկնածուներից Վաչագան Ադունցի թեկնածությունը։ Ինչ վերաբերում է Արա Բուդաղյանի թեկնածությանը, Սուրիկ Խաչատրյանը նշեց, որ որեւիցե լարվածություն նրա հետ կապված չկա։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի ժամանակ սպանվել է Արա Բուդաղյանի եղբայր Ավետիք Բուդաղյանը։ Արա Բուդաղյանը խոստացել էր պատասխանել մեր հարցերին, սակայն այդպես էլ չզանգահարեց։ Գորիսի քաղաքապետի համար առաջադրվել է 4 թեկնածու՝ «Հայջրմուղկոյուղու» Գորիսի տեղամասի պետ Վաչագան Ադունցը, «Շանի» ՍՊԸ տնօրեն, Գորիս քաղաքի ավագանու անդամ, անկուսակցական Հրայր Յոլյանը, «Վարարակն» ՍՊԸ տնօրեն, ՀՀԿ-ական Արա Բուդաղյանը, եւ «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը։ Քարոզարշավը մեկնարկելու է մայիսի 21-ից եւ կավարտվի հունիսի 6-ին: Ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին։