Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պահանջենք մեզնից, ոչ աշխարհից». Դանիել Բարենբոյմ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
Daniel-Barenboim

«Երբ ելույթ եմ ունենում որպես դաշնակահար, դաշնամուրի մեջ նվագախումբ եմ փնտրում, երբ դիրիժորական վահանակի մոտ եմ, նվագախումբն է ինձ համար դաշնամուր»,- ասում է հանրահռչակ դիրիժոր և դաշնակահար Դանիել Բարենբոյմը։ Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 15- րդ միջազգային փառատոնի շրջանակներում հանդես կգա 450 տարվա ավանդույթներ ունեցող Բեռլինի պետական նվագախումբը՝ հանրահռչակ դիրիժոր և դաշնակահար Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ: Դիրիժորությո՞ւնը, թե՞ մենանվագը հասցրեց Բարենբոյմ ֆենոմենին սրընթաց փառքի՝ դժվար է ասել, փաստ է այն, որ նրա առաջին մենահամերգը կայացավ յոթ տարեկանում, 11-ում արդեն դիրիժորական արվեստ էր ուսանում Զալցբուրգում, իսկ 23 տարեկանում ղեկավարում էր բրիտանական կամերային նվագախումբը, որի հետ էլ որպես դաշնակահար և դիրիժոր ձայնագրեց Մոցարտի բոլոր կոնցերտները, որոնք շատ երաժշտական քննադատներ մինչ օրս համարում են անգերազանցելի: Իրավամբ արվեստը սահմաններ չի ճանաչում: Անհամար մրցանակների, պարգևների, շքանշանների, այդ թվում՝ ֆրանսիական «Պատվո լեգեոնի» կոմանդոր, Իտալիայի Մեծ խաչի ասպետ, Գերմանիայի Մեծ խաչի և աստղի շքանշանակիր, յոթ «Գրեմիի» մրցանակակիր։ Առաջատար համալսարանների պատվավոր դոկտոր, աշխարհի ամենահեղինակավոր օպերային և սիմֆոնիկ նվագախմբերի ղեկավար, Չիկագոյի և Բեռլինի նվագախմբերի ցմահ պատվավոր դիրիժոր, Միլանի Լա Սկալա թատրոնի գլխավոր դիրիժոր Դանիել Բարենբոյմին կարելի է համարել աշխարհի քաղաքացի: Ծնվել է Արգենտինայում, Ռուսաստանից գաղթած հրեական ընտանիքում, Իսրայելի, Պաղեստինի, Իսպանիայի պատվավոր քաղաքացի է, ապրում է Բեռլինում, հիմնել է «Արևմուտք-Արևելք Դիվան» երիտասարդական նվագախումբը՝ կազմված արաբ և հրեա երաժիշտներից: