«ՀՀ-ից մարդիկ արտագաղթում են, բայց ընտրողների ցուցակներում՝ ավելանում» (տեսանյութ)
«Երրորդ հանրապետության պատմության մեջ մի տարօրինակ փաստի ենք ականատես լինում. Հայաստանից մարդիկ արտագաղթում են, բայց ընտրողների ցուցակներում՝ ավելանում: 2013-ին ընտրողները համարյա 400 000 հոգով ավելի են, քան Անկախության հանրաքվեի մասնակիցները: Հյուպատոսական հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիները համապատասխան ընթացակարգերով պետք է հանվեն գրանցումից, այդպիսով նաև հաշվառումից հանվեն և ընտրացուցակներից նույնպես դուրս գան, որովհետև Հայաստանում չեն: Ձեր բերած փաթեթում էդպիսի դրույթ այլևս մենք օրենքում չենք ունենալու: Սա բացարձակապես անընդունելի է»,- ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստում՝ անդրադառնալով քննարկվող «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հարցերին պատասխանում էր ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե քանի մարդ է ընդհանրապես սահմանված կարգով դուրս բերվել ընտրացուցակներից, երբ բնակչության պետական ռեգիստրի մասին ՀՀ օրենքն ընդունվել է 2002 թվականին, հենց այդ ժամանակից նաև այս դրույքը գործել։ ԱԳՆ փոխնախարարը նշեց, որ ինչ վերաբերում է ընտրացուցակներին, Նիկոլ Փաշինյանին անհանգստացնող խնդիրն իր ներկայացրած հարցի բովանդակությունից դուրս է. «Ձեր մտահոգությունը հասկանում եմ, բայց այն, ինչ մենք քննարկում էինք, ներկայացված հարցի հետ կապ չունի»: Պատգամավորի խոսքով, երբ մարդը գնում օտարերկրյա պետությունում հյուպատոսական հաշվառման է կանգնում, այդ տվյալը պիտի փոխանցվի Հայաստան՝ բնակչության պետական ռեգիստր, այն վարող մարմինը պետք է տվյալները համայնքին փոխանցի, այնտեղ էլ հանեն հաշվառումից: Իսկ նախագծով հնարավոր է, որ մարդն, ասենք, կարող է և հյուպատոսական հաշվառման կանգնի Վաշինգտոնում, և լինի Սիսիանի ընտրական ցուցակում. «Էլ չեմ ասում՝ ընտրությունների օրն էլ գնա ընտրությունների»,- ասաց պատգամավորը։ Շավարշ Քոչարյանը խոստացավ ուսումնասիրել, և մինչև երկրորդ ընթերցումը պատասխանել Նիկոլ Փաշինյանի հարցին: ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ ասաց, որ առաջարկվող փոփոխություններով հաշվառումը արտերկրում ՀՀ քաղաքացիների համար, այդ թվում նաեւ զինապարտ քաղաքացիների, դառնում է կամավոր։ «Դուք չեք տեսնում, որ առաջարկվող նախագիծը զինապարտության մասին օրենքին հակասում է; Զորակոչի այս սուր ռեսուրսների պայմաններում դուք ո՞նց եք առաջարկում նման խնդիր»,-հարցրեց պատգամավորը։ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ նախագիծը չի ազատում քաղաքացուն պարտադիր ծառայությունից։