Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետ. Աղբանոցի վերածողը պետք է պատժվի

Քաղաքականություն
001

Սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների ու կառուցապատողների կողմից պարտադիր մաքրելու և բարեկարգելու աշխատանքներին անդրադառնալով՝ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ հաշվառված տարածքների մեծ մասն արդեն իսկ մաքրվել են: Զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև անբարեխիղճ որոշ սեփականատերերի հայտնաբերման ու նրանց տնօրինման տակ գտնվող տարածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ: «Այս ուղղությամբ տարվող աշխատանքները ևս պետք է լինեն մշտական խիստ հսկողության տակ: Մաքրության ապահովումն ու պահպանումը պահանջում է ամենօրյա հետևողական աշխատանք, այլ ոչ թե մեկանգամյա ինչ-որ գործողություն: Պետք չէ մոռանալ, որ այդ ամենը չի վրիպում ոչ մեր և ոչ էլ, առավել ևս, մեր համաքաղաքացիների աչքից: Ուստի այս հարցում եղեք ավելի կոշտ և հետևողական, փորձենք սեղմ ժամկետներում հայտնաբերել այն սեփականատերերին, որոնք խուսափում են պարտավորությունների կատարումից: Շատ դեպքերում երևանցիները կարող են նաև տեղեկացված չլինել, որ աղբանոցի վերածված այս կամ այն տարածքը ինչ-որ մեկի սեփականությունն է և արդարացիորեն դժգոհեն քաղաքային իշխանություններից: Ըստ այդմ, առաջնորդվեք բացառապես այն գիտակցումով, որ որևէ մեկը իրավունք չունի աղբանոցի վերածել մայրաքաղաքն ու մնալ անպատիժ: Գործեք օրենքի ողջ խստությամբ, ինչի իրավունքը ձեզ տրված է»,- հանձնարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման հետ կապված էլ զեկուցվել է, որ, չնայած տնտեսվարողները բազմիցս ծանուցվել են աշխատանքների իրականացման մասին, այնուամենայնիվ, դրանք կատարվում են մասամբ և ոչ լիարժեք: Քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել գործընթացի նկատմամբ հսկողությունն ու ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան քայլեր: «Տարվող աշխատանքների արդյունքները չեն գոհացնում: Ծանուցումներից հետո հաջորդ քայլը պետք է լինի ավելի կոշտ և գործնական ու ենթադրի պատասխանատվություն: Աշխատելով օրենքի տառով՝ ձեռնարկեք համապատասխան միջոցներ և ապահովեք տեսանելի արդյունք», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն