Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հովիկ Աբրահամյանն ամենամեծ ընտրակեղծարարն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
02d20429ecebdbf1e412a8446df5b2a9

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամենամեծ ընտրակեղծարարն է։ Համոզված է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Որպես ՀՀԿ շտաբի ղեկավար՝ նա երկու համամասնական ընտրությունների կեղծարարության պատասխանատուն է եւ կազմակերպիչը։ Հայաստանում չկա ավելի լավ կազմակերպիչ, քան Հովիկ Աբրահամյանն է։ Բարձր վարպետության հետ ես առնչվել եմ 2007 թ-ին, երբ նա Տարածքային կառավարման նախարարն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արմեն Մարտիրոսյանը։ Նրա խոսքերով՝ այս կառավարությունից ոչինչ սպասել չի կարելի, քանի որ այն օլիգարխիկ կառավարություն է։ «Կառավարությունը ստեղծվել է որոշ ներիշխանական խնդիրներ լուծելու համար։ Կառավարությունը իր անդամներով նախկինում այնպիսի գործունեություն է ծավալել, որ առանց ծրագրերի ծանոթանալու միանշանակ կարող եմ ասել, որ դրական որեւէ քայլ չի լինելու, որեւէ քայլ։ Հայաստանին պետք են համակարգային փոփոխություններ, այս կառավարությունը համակարգային փոփոխությունների ոչ միայն ունակ չէ, այլ նաեւ միաժամանակ հակառեֆորմիստական կառավարություն է»,- նշեց նա։ Իսկ այն քայլերը, որն այժմ անում է Հովիկ Աբրահամյանը, Արմեն Մարտիրոսյանը գնահատեց որպես PR ակցիա, որը կարելի է բնութագրել որպես քաղաքացիներին մոլորեցնելու գործունեություն։ Վերջինիս խոսքով՝ միայն արտահերթ ընտրությունների միջոցով հնարավոր է ինչ-որ բան փոխել, քանի որ կեղծելու պրոցեսը քիչ է լինում, իսկ մարդիկ ավելի զգոն։ Իսկ եթե 2017 թ-ին եղան հերթական ընտրությունները, ռեսուրսը իրենց ձեռքին է լինելու, կեղծելու են, իսկ ժողովուրդն էլ հիասթափված է լինելու։