Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլանդը իրավիճակը ԼՂ-ում գնահատել է լարված

Քաղաքականություն
8368b2f2890a42f8c998fb29b02fa61f

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բաքու կատարած այցի ժամանակ ասել է, որ Ֆրանսիան անելու է իրենից կախված ամենը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության խաղաղ լուծման համար։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ Օլանդը իրավիճակը Լեռնային Ղարաբաղում գնահատել է բավական լարված. «Գրանցվել են տասնյակ հազարավոր զոհեր, միջադեպեր են գրանցվել նաև վերջին շրջանում։Այդ պատճառով Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր կանի հնարավորը խաղաղ լուծում գտնելու համար, որն Ադրբեջանին և Հայաստանին թույլ կտա հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Ես կարծում եմ, որ դա բխում է երկու երկրների շահերից»,-ասել է Օլանդը։ Այսօր արդեն Ֆրանսուա Օլանդը կլինի Երեւանում։ Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները մասնակցելու են հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին: Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ Երևանում կբացվի Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվան պուրակը, նախագահներն այցելելու են ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետի շինհրապարակ։ Ֆրանսուա Օլանդը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս առիթով արդեն հայրենիքում է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այսօր երեկոյան մարզահամերգային համալիրում նախատեսված է Ազնավուրի մենահամերգը, որին ներկա են գտնվելու Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները: Ֆրանսուա Օլանդը հայաստանյան երկօրյա այցից հետո կայցելի նաեւ Վրաստան։