Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շարմազանովը թող կանխատեսում անելուց առաջ սառը ջուր խմի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
5300223919305a6562532eac60a12db2

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը համաձայն է Էդվարդ Շարմազանովի հետ՝ Հանրապետականը առաջիկա տարիներին իշխանությունից չի հեռանալու մի պարզ պատճառով. «Ժողովրդի մի զգալի մասը ՀՀԿ անդամ են կամ համակիրներ»։ Պարոն Մինասյանը տեղյակ է Գագիկ Ծառուկյանի երեկվա այն հայտարարությունից, ըստ որի՝ առաջիկա ընտրությունները շրջանցելու են Հանրապետական կուսակցությունը։ Կարծես թե չարախնդացել է. «ՀՀԿ-ն մոտակա ժամանակներում չարախնդացող քաղաքական ուժերի կամ մարդկանց վիճակներում չի հայտնվելու»։ «Այն էլ ինչպես է հայտնվելու»,-ակնարկում է ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը։ Հայաստանի քաղաքացին այլեւս չի քվեարկելու այնպես, ինչպես քվեարկել է մինչեւ հիմա եւ բոլորը կտեսնեն, թե ում ձայն կտա ժողովուրդը. «Մենք կարծում ենք, որ դա Հանրապետականը չի լինելու»՝ ասում է Ուրիխանյանը։ Տիգրան Ուրիխանյանը չի պատասխանում այն հարցին, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Եթե չի պատրաստվում, ի՞նչ է փոխվելու երկրում, որը զրկելու է Հանրապետականին իշխանությունից. «Ձեր խոնարհ ծառան հանդես եկավ մի նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որը պիտի բացառի երկրաչափական ծալվածքով քվեաթերթիկները տարբերակելը»։ «Հանրապետականը այլեւս իշխանություն չի ունենալու, Էդվարդ Շարմազանովը թող կանխատեսում անելուց առաջ սառը ջուր խմի»,-խորհուրդ է տալիս Լեւոն Զուրաբյանը. «Նույն կանխատեսումն ինքը անում էր, երբ որ մենք պահանջում էինք կառավարության հրաժարականը եւ նրա վերաբերմունքն այդպիսին էր, եւ ապացուցվեց, թե նրա խոսքերն ինչ արժեք ունեն»։ Խնդիրը Հանրապետականի մեջ չէ,-շարունակում է պարոն Զուրաբյանը, այլ այն բանի, թե կկարողանա՞ համախմբվել ժողովուրդը եւ ստեղծել մի վիճակ, որ իշխանությունը սկսի զիջել դիրքերը. «Այս հարցն է լուծվում այս օրերին, եւ ՀԱԿ-ն իրենից կախված ամեն ինչ անում է, որ այդ համախմբումը եւ ժողովրդի ինքնակազմակերպումը ապահովվի»։ Հուսահատվել պետք չէ,-կոչ է անում Լեւոն Զուրաբյանը,-ցանկացած իրավիճակից ելք կգտնվի։ Այս պահին ամենակարեւորը քառյակի եւ ժողովրդի համախմբված աշխատանքն է. «Եվ սրա վրա չկենտրոնանալ եւ չփորձել հասնել հաջողության, ուղղակի անհասկանալի բան կլիներ։ Քառյակի ձեւաչափով պետք է կազմակերպել ժողովրդի համախմբումը այս իշխանությունների դեմ»։