Մասամբ գոհ է Բագրատյանից, լիարժեք բավարարված՝ Փաշինյանից (տեսանյութ)
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր ցուցապաստառով եկել էր ՀԱԿ պատգամավոր, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի տան մոտ` նրանից հաշվետվություն պահանջելու. «Ինչու Ստեփան Դեմիրճյան, քանի որ ՀԱԿ պատգամավորական խմբում Մարդու իրավունքների հանձնաժողովում ներկայացուցիչը Ստեփան Դեմիրճյանն է: Մարդու իրավունքներն ինձ ամենահետաքրքրող ու հուզող հարցերն են»: Իսկ Ստեփան Դեմիրճյանի պատգամավորական գործունեությունը մարդու իրավունքների բնագավառում Վարդգես Գասպարիին չի բավարարել: Նրա խոսքերով` միանձնյա այս ակցիայով նա ընդամենը վերականգնում է իր ընտրած պատգամավորից պահանջատեր լինելու քաղաքացիական իրավունքը. «Այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ եթե ընդդիմադիր պատգամավորից ինչ-որ բան պիտի պահանջես, պիտակավորվում է դա որպես իշխանության գործակալ»,-ասում է Գասպարին: Ստեփան Դեմիրճյանը պարոն Գասպարիի ակցիայի ժամանակ տանը չէր. ժամը աշխատանքային էր, եւ նա կուսակցության գրասենյակում էր,- տեղեկացրեց ակցիային ներկա ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը: Պարոն Մինասյանը դեմ չէ պարոն Գասպարիի ակցիային, սակայն նկատում է` Ստեփան Դեմիրճյանը բազմիցս է նրան ընդունել ու զրուցել. «Սա արդեն նման է ինչ-որ էժանագին շոուի` անկախ նրանից` դա ուղղորդված է, թե ոչ, դա էական չէ: Իսկ մենք այդ էժանագին շոուներում մասնակցություն չենք ունենա: Սա պրովոկացիայի է նմանվում»: Պարոն Գասպարին վստահեցնում է` ինքը փորձել է զրուցել ՀԱԿ պատգամավորների հետ. «Ֆեյսբուքյան էջում գրել եմ եւ Լեւոն Զուրաբյանին, եւ Արամ Մանուկյանին, եւ Ստեփան Դեմիրճյանին, ինձ պատասխանը եղել է` արի կզրուցենք, բայց դա զրուցելու բան չի, դա հանրային քննարկման հարց է, հաշվետվությունը զրուցելով չեն ասում»: Վարդգես Գասպարին մոտ օրերին բողոքի նմանատիպ ակցիաներ է անելու նաեւ ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի տների մոտ: Նա գոհ չէ, սակայն բողոքի ակցիա չի անցկացնի Լյուդմիլա Սարգսյանի տան մոտ, մասամբ գոհ է Հրանտ Բագրատյանից, եւ միայն լիարժեք բավարարված է Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա անդրադառնում է մարդու իրավունքներին։