Ի՞նչ զիջումներ է ակնկալում Թուրքիան Հայաստանից (տեսանյութ)
Ահմեդ Դավութօղլուի «Գարդիան» թերթում տպագրված հոդվածը,որով Թուրքիայի արտգործնախարարը կոչ է անում վերսկսել հայ-թուրքական երկխոսությունը, նպատակ ունի թուլացնել ցեղասպանության 100-ամյակի ազդեցությունը, 95-ամյակից առաջ էլ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները Այս կարծիքին է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը. «Ցեղասպանության ճանաչման գործընթացը միջազգային օրակարգի հարց է եւ սա շատ լավ հասկանում է Թուրքիան,պարզապես էս դիվանագիտական հնարքները կիրառվում են, որպեսզի հնարավորինս էդ նպատակին ուղղված քայլերը քիչ լինեն»: Արմեն Ռուստամյանը չի կասկածում` Թուրքիան երբեք չի շրջանցելու Ղարաբաղի հարցը հայ-թուրքական երկխոսություն ծավալելիս, այդպիսի դեպք չի գրանցվել պատմության ընթացքում, երբ Ադրբեջանը եւ Թուրքիան դավաճանել են միմյանց շահերը` քանի դեռ հայերն, ըստ թուրքերի, փակ են պահում հայ-ադրբեջանական սահմանը, թուրքերը չեն բացելու հայ-թուրքական սահմանը: Նրանք ակնկալում են՝ հայերը պետք է զիջեն։ «Իրենց պատկերացմամբ համապատասխան զիջումները դրանք այն են, ինչ որ պահանջում է Ադրբեջանը: Թուրքիան եթե փոխի իր տեսակետը եւ չսպասի, ասենք, Ղարաբաղի հարցի կարգավորմանը, գոնե ինչ-որ նշաններ այդ առումով չստանա, կստացվի որ թուրքերը լքում են Ադրբեջանին այն հարցում, որ չի զիջում Հայաստանը որպես ագրեսոր պետություն»,-նկատում է ՀՅԴ-ականը: Ուզու՞մ են թուրքերը համարվել քաղաքակիրթ ազգ եւ չդառնալ իրենց նախորդների հանցակիցը, թող առանց նախապայմանների վավերացնեն հայ-թուրքական արձանագրությունները: Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը հուշում է` դրա համար կա Թուրքիայի Միլի մեջլիսը ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը վստահեցնում է. «Մենք առաջինը երբեք չենք վավերացնի»։ Ըստ Արտակ Զաքարյանի, թուրքերի բանավոր հավաստիացումները, հարցազրույցները եւ հոդվածները հայ-թուրքական հարաբերությունների կարեւորության մասին, իրական քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն, քանի դեռ Միլի Մեջլիսը արձանագրությունները չի վավերացրել: Դրանք ուղղված են միջազգային հանրությանը, որպեսզի նրանք մտածեն, թե Թուրքիան փորձում է երկխոսություն սկսել «Պաշտոնական Երեւանը չի տրվելու պաշտոնական Թուրքիայի մանյովրներին, խնդիրը առավել քան պարզ է` Հայաստանը երբեք չի կապել ցեղասպանության հարցը հայ-թուրքական արձանագրությունների հետ»,- շեշտւմ է նա։ Ինչու՞ Հայաստանն առաջինը չի վավերացնում: Որովհետեւ ինչ հնարավոր էր անել, Հայաստանն արդեն արել է, եւ սպասում է Թուրքիայի գործողություններին.«Երաշխիքներ,որ Թուրքիան կվավերացնի եւ գործընթացը կունենա երկկողմ բնույթ, ցավոք չկան»: