Հովիկ Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի տարբերությունը (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն ահազանգ է ստացել, որ Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրենն առաջին դասարանցիների ծնողներից 10 հազարական դրամ է հավաքում՝ հանդես անելու համար։ «Այս լուրը ձեր միջոցով տարածելով՝ ահազանգում եմ Լոռու մարզպետ պարոն Նալբանդյանին՝ կարգի հրավիրիր այդ կնոջը»,- այսօրվա ասուլիսում, դիմելով լրագրողներին, ասաց Բախշյանը։ Նա հավելեց, որ դպրոցի տնօրենի ամուսինը Ստեփանավանի նոտարն է։ Խոսելով կրթության ոլորտի խնդիրներից՝ Անահիտ Բախշյանը նշեց, որ Տավուշի մարզպետը շատ ողջունելի քայլ է արել. այդ մարզում համատարած գործում է ներառական կրթություն արդեն 4 տարի։ Մինչդեռ, օրինակ, Արագածոտնի մարզում ներառական նույնիսկ մեկ դպրոց էլ չկա։ Բախշյանն ասաց, որ առհասարակ Արագածոտնի և Կոտայքի մարզպետները վերահսկում են դպրոցներում անգամ հավաքարարների նշանակումը։ Բանախոսի գնահատմամբ՝ Արագածոտնի և Կոտայքի մարզպետները կարծում են, թե խան են, և ով շնչի-արտաշնչի, իրենք պետք է իմանան։ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ պետք է քվեարկվեն «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունները։ «Դա հեղափոխական օրենք կլինի, եթե ընդունվի այնպես, ինչպես նախագծի խումբը աշխատել է»,- ասաց Բախշյանը։ Մասնավորապես, օրենքի փոփոխություններով ամրագրվում են ներառական և հեռահար կրթությունը։ Բախշյանն անհրաժեշտ է համարում, որ ներառական և հեռահար կրթությունները գործեն միասին։ Անդրադառնակով կրթության և գիտության նախարարի պաշտոնում Արմեն Աշոտյանի վերանշանակմանը՝ Անահիտ Բախշյանը նշեց, որ եղածների մեջ ամենալավը Աշոտյանն է։ «Եթե պարոն Աշոտյանը իսկապես մի կողմ դներ կուսակցական գործունեությունը և ուսումնական հաստատությունները կարողանար զերծ պահել կուսակցական քարոզչությունից, ապա ինքը կլիներ շատ լավ նախարար»,- ասաց Բախշյանը։ Նոր կառավարության վերաբերյալ «Ժառանգության» անդամը հույս հայտնեց, որ այն կանի քայլեր, որ իր նկատմամբ վստահության պաշարը զրոյից մի քիչ բարձրանա: Միաժամանակ, սակայն, Բախշյանը խիստ բացասական արտահայտվեց նախարարի պաշտոնում Գագիկ Խաչատրյանի և Երվանդ Զախարյանի նշանակման վերաբերյալ՝ նշելով, որ դա նույնն է, ինչ գայլին տիրակալ կարգես ոչխարների գլխին։ Բախշյանի գնահատմամբ՝ այդ մարդիկ շատ անազնիվ են, սակայն իշխանության վերարտադրման գործում փորձված են, և նրանցից ազատվելը հեշտ չի լինի։ «Հովիկ Աբրահամյանը օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչ է»,- ասաց Բախշյանը։ Աբրահամյանը, սակայն, մեկ դրական հատկանիշ ունի Տիգրան Սարգսյանի համեմատ. տնտեսությունը գիտի հողի վրա կանգնած, ոչ թե օդից։