Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինայում ռուսաստանամետ զինյալներն ուղղաթիռներ են տապալել

Քաղաքականություն
ukrain

Ուկրաինայի արևելյան Սլավյանսկ քաղաքում ուրբաթ օրը երկրի անվտանգության ուժերը մեկնարկել են ռուսաստանամետ ապստամբների դեմ ուղղված գործողություններ, որոնց արդյունքում քաղաքում ծավալվել են մարտեր: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի համաձայն, Սլավյանսկ քաղաքի ուղղությամբ Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից իրականացված գրոհի ընթացքում Ուկրաինայի կառավարական ուժերը հասել են «որոշակի հաջողությունների»՝ Սլավյանսկ քաղաքի սահմաններում գրավելով հսկիչ-անցագրային ինը կետ: Ավակովի համաձայն, ռուսաստանամետ զինյալների դեմ ուղղված գործողություններում մասնակցում են երկրի ներքին գործերի նախարարության և զինված ուժերի ստորաբաժանումները: «Ուկրաինայի անվտանգության ուժերի ուղղությամբ անջատողականները կրակ են բացել՝ ծանր սպառազինության, այդ թվում՝ զենիթային շարժական համակարգերի կիրառմամբ: Զոհվել է մեկ օդաչու, կան տուժածներ», - ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը: Ավակովը նշել է նաև, որ մոտակա ժամանակներում ռուսաստանամետ զինյալների դեմ իրականացվող հատուկ գործողությունների շրջանում կդադարեցվի երկաթուղային հաղորդակցությունը, Սլավյանսկում խիստ սահմանափակվել է երթևեկությունը: Ուկրաինայի ներքին գործերի նախարարը հորդորել է Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքների բնակիչներին դուրս չգալ փողոցներ և հեռու մնալ պատուհաններից: Սլավյանսկի ռուսաստանամետ անջատողականների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ նրանց հաջողվել էր տապալել Ուկրաինայի զինված ուժերի երեք ուղղաթիռ: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է երկու ուղղաթիռների տապալման փաստը, որի արդյունքում զոհվել է երկու զինծառայող, մի քանիսը տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել՝ նշելով, որ երրորդ ուղղաթիռը միայն վնասվել է: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նշել է նաև, որ ռուսաստանամետ ուժերի կողմից զենիթային շարժական համակարգերի կիրառումը «հստակ վկայում է այն մասին, որ Դոնբասում զինված ուժերի դեմ գործում են ոչ թե «խաղաղ ցույցերի մասնակիցներ», այլ լավ պատրաստված և զինված դիվերսիոն խմբեր, որոնք ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների միջոցով փորձում են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում»: Ամերիկայի ձայն