«Մաքսային միությունը որպես կառույց չի կայանալու» (տեսանյութ)
2009 թ. մայիսին Եվրոպայում մեկնարկած Արևելյան գործընկերությունը հաշվի չառավ անվտանգության վեկտորը։ Հենց այս համատեքստում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը դիտարկում Ուկրաինայի դեպքերը։ Այսօր «Եվրամիության Արեւելյան գործընկերության 5 տարին. ձեռքբերումներ եւ բացթողումներ» թեմայով Երեւանում կլոր սեղան էր կազմակերպվել: Պարոն Ենոքյանի կարծիքով՝ հնարավոր չէ շարժվել դեպի մի միություն, իսկ անվտանգության երաշխիքները փնտրել մեկ այլ կազմակերպությունում։ Քաղաքագետը գտնում է, որ նույն խնդրի առաջ կանգնած է նաեւ Հայաստանը. «Արևելյան գործընկերությանը մասնակցող երկրները գնում էին Եվրոպա, միաժամանակ մնալով Ռուսաստան անվտանգության դաշտում, սա հակասություններ էր առաջացնում»։ Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանում Աղասի Ենոքյանը մեկ այլ բացթողում է նկատում, որը բոլոր երկրների նկատմամբ կիրառվում է. «Դա Եվրոպայի շատ կոշտ դիրքորոշումն է՝ «կամ-կամ» մոտեցումը, սակայն կարծում եմ եվրոպացիներն արդեն հասկացել են իրենց սխալը ու փորձում են փոփոխություն իրականացնել»։ Այսօրվա քննարկմանը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հարկ համարեց մեջբերել Եվրոպական հանձնաժողովի վերջին որոշումից մի հատված. «Արևելյան գործընկերությունը ընտրություն չի արևմուտքի և արևելքի միջև, բայց դա ազատ ընտրություն է ցանկացած գործընկեր երկրի համար»։ Lragir.am-ի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Հայաստանի քաղաքացին այդպես էլ չհասկացավ, թե ինչ է իրենից ներկայացնում Արևելյան գործընկերության ծրագիրը. «Այսինքն` քաղաքացուն հասանելի ծրագիր չդարձավ այն, և որպես հետևանք չունեցավ հասարակական աջակցություն, և դրա արդյունքն էլ քաղաքական գործողություններն էին, որին ենթարկվեց այդ ծրագիրը՝ սեպտեմբերի 3-ին ՄՄ անդամակցության հայտարարությունը և այլն։ Հանրությունը չկարողացավ ազդել իշխանության որոշման վրա»,- ասաց մեկնաբանը։ Քաղաքական մեկնաբանը նաև նկատում է, որ Արևելյան գործընկերությունն այսօր վերագնահատման փուլում է. «Նաև Եվրոպայում է իրականացվում վերագնահատումը, որովհետև ասել, որ պատճառները միայն Հայաստանից է, սխալ է»։ Այսօրվա կլոր սեղանի մասնակիցները վստահ են՝ Մաքսային միությունը, որպես կառույց չի կայանալու, եւ Հայաստանը, ուշ, թե շուտ, վերադառնալու է Արևելյան գործընկերության ծրագրին։