Քառյակը հանդիպեց (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվեց ոչ իշխանական չորս ուժերի համատեղ արտահերթ աշխատանքային նիստը: Ինչպես նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ քննարկել են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ վարչապետի ներկայացրած նախագիծը, որը երեկ արդեն ԱԺ նիստում դրվել էր քննարկման: Պարոն Հակոբյանը նշեց, որ օրենքի եւ վարչապետի ներկայացրած նախագծի վերաբերյալ քառյակի մտահոգությունները մնում են նույնը. «Մենք նորից կներկայացնենք մեր առաջարկները եւ դրանից հետո կհստակեցնենք մեր անելիքները. եթե ԱԺ մեծամասնությունը չընդունի մեր առաջարկները, ապա հետագայում կորոշենք մեր հետագա անելիքները»: Ինչ վերաբերում է այս հարցով արտահերթ նիստ հրավիրելուն, ապա նա նշեց, որ այն դեռ օրակարգում կա: Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ նաեւ երեկ ԱԺ նախագահի ընտրության ժամանակ քառյակի անդամ ԲՀԿ պատգամավորների պահվածքին, որոնք եկան ու քվեարկեցին ՀՀԿ թեկնածու Գալուստ Սահակյանի օգտին: «Լավ կլիներ, եթե քառյակն ունենար միասնական դիրքորոշում: Սակայն շատ չբացելով մեր ներքին խոհանոցը՝ ասեմ, որ այս հարցը միասնական օրակարգային հարց չդարձավ ու չեղավ մեկ միասնական որոշում: Ես չէի ցանկանա ծայրահեղ գնահատականներ տալ ԲՀԿ-ի քայլերին: Քիչ առաջ տեղի ունեցած մեր քննարկումը շատ կառուցողական էր, իսկ ԲՀԿ-ն շուտով երեւի կմեկնաբանի իր դիրքորոշումը»,- ընդգծեց պարոն Հակոբյանը: