Երեւանցիները խորը անհավատության մեջ են` ոչ մի նոր կառավարություն էլ չկա (տեսանյութ)
Երեւանցիների համար Հովիկ Աբրահամյանի կառավարությունը Տիգրան Սարգսյանի կառավարությունից գրեթե ոչնչով չի տարբերվում։ Երեւանցիները խորը անհավատության մեջ են` ոչ մի նոր կառավարություն էլ չկա, միայն քաղաքական խաղեր են խաղում ժողովրդի գլխին։ Համբերեք՝ բոլոր հուսահատներին կոչ է անում Ազգային Ժողովի փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը, ի՞նչ գիտեք՝ ինչ նոր ծրագրեր ունի Հովիկ Աբրահամյանի կառավարությունը. «Կոչ եմ անում սպասել կառավարության ծրագրի ներկայացմանը ՀՀ ԱԺ-ում»: Գալուստ Սահակյանը խմբակցության ղեկավարի պաշտոնում հասցնում է ասել` իրեն դուր է գալիս Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, որ ուշադիր լինենք, մեզ էլ դուր կգա. «Բոլորին ճանաչում եմ, գիտեմ կարողությունները, առավելեւս հստակ արդեն պատկերը երեւում է, կառավարությունը օպերատիվ լուծումներ է տալիս ցանկացած խնդրի»: Ոստիկանապետի դստեր ամուսինը, բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը եւ պարզապես հանրապետական պատգամավոր ՀՀԿ խմբակցության անդամ Արթուր Գեւորգյանը զգուշացնում է, որ կառավարությունը գեղեցիկ կին չէ, որ դուր գա կամ չգա: Պատգամավորը նույնպես առաջարկում է սպասել, որպեսզի ինքը գնահատի նախորդ կառավարությանը, պետք է սպասի եւ տեսնի, թե ինչպես է աշխատում Հովիկ Աբրահամյանի կաբինետը. «Կանցնի որոշակի ժամանակ, արդեն համեմատության մեջ մենք կդիտենք, ստացվեց, թե չստացվեց»: Համլետ Հարությունյանը չի հասկանում մեր ժողովրդին` ուզածներն ի՞նչ է. «Լավ, պահանջում են վարչապետի փոփոխություն, հետո վարչապետին փոխում ենք, ասում են ոչինչ չի փոխվել, բա էլ ու՞մ փոխենք»: Պատգամավորին առանձնապես հետաքրքրիր էլ չէ, թե ովքեր են զրկվել նախարարի աթոռից, բայց հիշեցնում է, որ փոփոխություններ կան, վերջապես, ըստ նրա, եկել է մի կառավարություն, որը արտագաղթը կարգելակի: