Ընդդիմադիրները խուսափում են գնահատել ՕԵԿ-ի ընդդիմություն դառնալը (տեսանյութ)
Ընդդիմադիր հռչակված ՕԵԿ-ը վճռական է տրամադրված ընդդիմություն լինելու հարցում, թող փորձեն հեգնել: «Որեւէ մեկը չի կարող հեգնել»,- ասում է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն արդեն ծաղրում է` իրենք մտադիր չեն հարվածել 6 տարի իշխանություն աշխատած ՕԵԿ-ին. «ՕԵԿ-ն ինքն իրա հետ արդեն կռվել- պրծել է»: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը մի կերպ է զսպում իրեն, որպեսզի չասի, թե ինչ է մտածում ՕԵԿ-ի նախորդ վեց տարիների մասին. «No comment»: Պատգամավորը, սակայն, դժվարանում է ասել` հավատու՞մ է, որ ՕԵԿ-ը այսուհետեւ կկարողանա լինել ընդդիմադիր, նրան փաստեր են պետք. «Կլինի՝ կտեսնենք փաստերին»: Դաշնակցական Արմեն Ռուստամյանը նույնպես չի ուզում գնահատել ՕԵԿ-ի ընդդիմություն լինելու արժանահավատությունը, 6 տարի այդ կուսակցությունն ընդդիմություն չի եղել։ «Թող ժողովուրդը որոշի»,- ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ «Ժառանգությունն» առաջին ընդդիմադիր կուսակցությունն էր, որը ընդդիմադիրի կարգավիճակում հյուրընկալել էր ՕԵԿ-ին, առայժմ ոչինչ չի կարող ասել։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասում է. «Գործով պետք է ապացուցվի` ինքը քաղաքական դաշտի որ հատվածում է գտնվում»: Պարոն Հակոբյանը սպասում է քաղաքական գործընթացների, որոնք դինամիկ են լինելու, հենց դրանք, ըստ նրա, ցույց կտան, թե ինչպիսի ընդդիմություն կլինի ՕԵԿ-ը: