Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց Սեւանի հարցով (տեսանյութ)
Այս պահին ԱԺ-ի դիմաց SOS Սևան նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում՝ կոչ անելով ԱԺ պատգամավորներին դեմ քվեարկել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու ՀՀ օրինագծին։ Բնապահպան Սիլվա Ադամյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ նախագիծն ընդունելուց հետո մենք կկորցնենք տարածաշրջանում ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լիճը։ Նախագծով նախատեսվում է Սևանից տարեկան 40 տոկոս ջուր բաց թողնել։ Այսօրվա ակցիայի մասնակիցները բողոքում էին նաև Սևանա լճում տարեկան 50 հազար տոննա ձուկ (50 հազար տոննա արհեստական կերով) աճեցնելու ծրագրի դեմ։ Անահիտ Գևորգյանը, որ եկել էր Մարտունիից ակցիային մասնակցելու համար, նշեց, որ իրենք տարին 8 ամիս ապրում են ձկնորսությամբ, իսկ ձկնաբուծարան ստեղծելուց հետո կկորցնեն իրենց ապրուստի միջոցը։ «Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Սևանից ջրի բացթողնման նախագիծը ձեռնտու է մի քանի օլիգարխների, որոնք Արարատյան դաշտավայրում ձկնաբուծարաններ ունեն, ինչպես նաև նրանց, ովքեր Սևանա լճի մերձակայքում ունեն հանգստյան գոտի և 5 տարով լճից ջուր բաց թողնելուց հետո իրենց օբյեկտերը չեն հայտնվի ջրի տակ։ Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են «Սևանա լճի վրա իրավունք ունի նաև այն երեխան, ով ծնվելու է այդ մարզում 500 տարի հետո», «Չենք հանձնելու Սևանը», «Սևանը ծարավ է» բովանդակությամբ պաստառներ։ Հիշեցնենք՝ ժամը 12-ին ԱԺ-ում Սևանից ջրի բացթողնման նախագծի քվեարկություն է տեղի ունենալու երկրորդ ընթերցմամբ։