Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով ում մարդն է (տեսանյութ)

Քաղաքականություն
kar

3 նոր նախարարների նշանակումը ՀՀԿ-ն համարում է դիպուկ ու արժանի ընտրություն: ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը կոչ է անում չտրվել գայթակղությանը եւ իզուր ժամանակ չվատնել հասկանալու համար, թե ով ում մարդն է քաղաքական դաշտում. «Եթե մենք գնանք նրան` սա մեկի մարդն է, նա մյուսի մարդն է, ապա մենք այդպիսով բավականին վնաս տված կլինենք մեր գործադիրի աշխատանքին: Մենք պետք է վեր կանգնենք այդ ամեն ինչից»: Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պաշտոնավարել են դեռ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ըստ շրջանառվող լուրերի՝ բարեկամական կապեր ունի պարոն Քոչարյանի հետ. «Ես չեմ ուզում տարանջատել նախկին, ներկա նախագահների մարդիկ, առաջին նախագահի մարդը, պետք է գնահատել նրա գործունեությունն ու աշխատանքը»: Ամենաաղմկահարույց նշանակումը համարվում է Նարեկ Սարգսյանինը։ Նրա նախագծած Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ զրկվեցին տանիքից, շրջանառության մեջ դրվեց օտարման գոտի եւ պետական կարիքների զոհեր հասկացողությունները: Վահրամ Բաղդասարյանին նույնիսկ այս փաստը չի խանգարում իր դիրքորոշումը պնդելու համար. «Ինչ է` ձեզ թվում է, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մարդիկ դրանք 2-3 տարի առաջ առանձին մարդի՞կ էին: Դրանք աշխատել են նույն թիմում, աշխատել են միասին, բնականաբար, այս մարդիկ թիմ են եղել ու այդ թիմը շարունակում է իր գործունեությունը»: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նոր նախարարների նշանակման գործընթացում միտում չի տեսնում. «Քանի որ այսօրվա վարչապետը ժամանակին եղել է համակարգող նախարար, փոխվարչապետ, ու այդ թիմը աշխատել է միասին, եւ այն ժամանակ տնտեսական աճ է եղել, այդ միասնական աշխատանքի նախորդ տրամաբանությունը միգուցե ինչ-որ դեր ունի»: Իսկ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանին կառավարության նոր անդամների անցյալը չի հետաքրքրում. «Ինձ չի հետաքրքրում`ում կադրերն են, կարծիքները չեմ մեկնաբանում, որոշումը վարչապետինն ու հանրապետության նախագահինն է: Եւ որեւէ մեկը որեւէ մեկի կադրը չի»: Իսկ արդյոք նոր նշանակումները ԲՀԿ-Սերժ Սարգսյան կոնսուլտացիաների արդյունք չե՞ն։ Ըստ ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյան՝ «Ֆանտաստիկ ժանրից է»: Կառավարության նորանշանակ անդամներից այսօր ԱԺ-ում էր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը լրագրողներին տեսնելով շտապեց հեռանալ։