Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթողիկոս Արամ Ա.-ն՝ Էրդողանի ուղերձի մասին

Քաղաքականություն
aram-a

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձին: «Կարդացինք Ապրիլի 24-ի առիթով Թուրքիայի վարչապետի պատգամը՝ ուղղված հայությանը։ Պատմական դեպքերի նենգափոխումը չի կարող հաղթել պատմության անհերքելի ճշմարտությանը։ Այն, ինչ տեղի ունեցավ 1915-ին Թուրքիայում, պատերազմի հետևանքով տեղի ունեցած դեպքեր չէին, պարո՛ն վարչապետ, այլ Ցեղասպանություն էր հայ ժողովրդի նկատմամբ՝ բառի իրավական և քաղաքական հասկացությամբ։ Ցեղասպանություն՝ կազմակերպված և գործադրված նախահայրերի՛դ, Թալեաթ փաշաների և էնվերների կողմից։ Հետևաբար, հայ ժողովուրդը ցավակցություն և բարոյախոսություն չի ակնկալում Թուրքիայից, այլ՝ Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում»,- ասել է Արամ Ա. վեհափառը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության կապակցությամբ նախօրեին հանդես էր եկել հանրապետական Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ մի հայտարարությամբ, որով իր ցավակցությունն էր հղել Օսմանյան կայսրության տարածքում սպանված հայերի ժառանգներին և զոհերի հոգիներին հանգստություն մաղթել։