Քառյակ թե հնգյակ՝ դրանից դարդին դարման չի լինի (տեսանյութ)
Որեւէ անձի փոփոխություն չի կարող երկրում դրական փոփոխության հանգեցնել՝ այսօր հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը՝ հավելելով, որ դրական փոփոխությունների համար համակարգային փոփոխություններ են պետք: «Եթե այսօրվա իշխանությունը ու նաեւ որոշ չափով ընդդիմությունը շարունակեն սպասարկել օլիգարխիկ շահերը, սոցիալական պայթյուն կլինի, որը ազդելու է սովորական մարդկանց վրա»,- ասում է ատենապետը։ Նարեկ Գալստյանի գնահատմամբ՝ Հայաստանի բոլոր վարչապետերի տարվող քաղաքականության տրամաբանությունը այսքան տարի չի փոխվել, այնպես որ նոր վարչապետից էլ առանձնապես ակնկալիքներ չկան։ Հրաշալի քառյակի հիմնական դերակատարները ՀԱԿ- ն ու ԲՀԿ- ն են, որոնք չեն հնչեցնի անձնավորված ու սուր քննադատություն Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության հասցեին, ինչպես դա անում էին Տիգրան Սարգսյանի ժամանակ՝ վստահ է ՍԴՀԿ ատենապետը. «Ուղղակի սեփական երեսը փրկելու համար մի քանի բան կասեն»։ Կընդունի արդյո՞ք հրաշալի քառյակը ՕԵԿ-ին։ ՍԴՀԿ ատենապետը կարծում է՝ դա գրեթե ոչ մեկին չի հետաքրքրում. «Ինչ ուզումա լինի, դրանից դարդին դարման չի լինի»