Հովիկ Աբրահամյանի կարգավիճակն անհայտ է (տեսանյութ)
Ո՞վ է Հովիկ Աբրահամյանը՝ Հայաստանի վարչապե՞տը, թե՞ Ազգային Ժողովի նախագահը։ Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանի՝ Հովիկ Աբրահամյանը դեռեւս 5 օր, մինչեւ 5 օր կարող է լինել Ազգային ժողովի նախագահ»։ Դավիթ Հարությունյանը համաձայն չէ, որ Հովիկ Աբրահամյանն այս պահին համատեղում է Ազգային ժողովի նախագահի եւ Հայաստանի վարչապետի պաշտոնները. «Սա ոչ թե «համատեղել» բառն է, որովհետեւ օրենքով ամեն ինչ տեղի չի ունենում ակնթարթորեն»։ Ըստ պարոն Հարությունյանի, օրենքը նախատեսել է հետեւյալը՝ պաշտոնի նշանակման հետ կապված սկսվում է նախկին լիազորությունների դադարեցման գործընթաց. «Հավանաբար նրա տեղակալներից մեկը կստորագրի արձանագրությունը, ստեղ որոշման խնդիր չկա, արձանագրությունը լիազորությունների դադարման մասին եւ այն կուղարկի ԿԸՀ»։ Իսկ ո՞վ է Ազգային ժողովի նախագահը, որի պաշտոնից Հովիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում դեռ չի գրել։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասում է. «Էս պահին տեղակալներից մեկը ժամանակավոր պաշտոնակատարն է»։ Հրաժարականի դիմու՞մ է գրել Հովիկ Աբրահամյանը։ «Հրաժարականի դիմու՞մ։ Էդպես չի սցենարը։ Ինքը բնականաբար ինքնըստինքյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ չէ»։ Գալուստ Սահակյանն այսօր խոսել է նաեւ, թե ինչպես է պատկերացնում ԲՀԿ-ի տեղը նոր կառավարությունում։ ԲՀԿ-ի հետ բանակցությունները պարոն Սահակյանը գնահատում է կառուցողական։ Պարտադիր չէ, որ կոալիցիա լինի։ Կոալիցիա չի լինելու, ասում է Նաիրա Զոհրաբյանը, բայց կառավարության ծրագիրը հետաքրքրելու է ԲՀԿ-ին. «Մեկ բան հստակ է՝ այդ ծրագիրը չպետք է լինի տխրահռչակ Տիգրան Սարգսյանի տխրահռչակ կառավարության ծրագրի շարունակությունը»։ ԲՀԿ-ն սպասելու է, թե ինչ ծրագիր է ներկայացնելու Հովիկ Աբրահամյանը։ Բայց ոչ մասնակի, ոչ էլ ամբողջական պատասխանատվություն չի պատրաստվում կրել պարոն Աբրահամյանի կառավարությունում։ Կոալիցիա օրակարգում չկա, հիշեցնում է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, բայց քաղաքական կուրսի փոփոխություն պետք է։ Մենք գտնում ենք, որ պետք է սպասենք, որպեսզի նոր կառավարությունը պետք է ներկայացնի, տեսնենք, թե ինչ ծրագիր է, ինչ են հայտարարում։ ԲՀԿ-ն իր ծրագիրն ունի, սպասելու են, որպեսզի հասկանան՝ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ունի՞ ցանկություն իրականացնել ոչ թե Հանրապետականի, այլ ԲՀԿ-ի ծրագիրը. «Կարեւորը, որ էս երկրում էդ փոփոխությունները լինեն, թե ով է իրականացնում, կարեւոր չէ մեր համար»։ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը դեռեւս հանրապետական Հովիկ Աբրահամյանին չի շնորհավորել վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ. «Կարծում եմ, որ կշնորհավորեմ, ո՞նց կարող ա չշնորհավորեմ»։ Հովիկ Աբրահամյանի նշանակումով քառյակի ծրագրերը չեն խախտվել,-վստահեցնում է ընդդիմադիր ժառանգական Ռուբեն Հակոբյանը։ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ոչ մի լավ բան չի կարող անել, որովհետեւ քաղաքական համակարգը պետք է փոխվի, ոչ թե անձերը. «Համակարգն ինքը հակացուցված է որեւէ նորմալ արմատական, որակական փոփոխություններ իրականացնել պետության մեջ»։ Առաջիկայում քառյակը կհավաքվի եւ կփորձի միասնական օրակարգ ձեւավորել նոր իրավիճակին համապատասխան։ Մի բան փաստ է՝ առանց ամբողջական իշխանափոխության լավ չի լինելու. «Չկա մեխանիզմ, մեխանիզմներ չկան, որ պարզ հասկանալի համոզիչ կարողանան բացատրել՝ այս մեխանիզմներով գնում ենք փոփոխության։ Չկա»։ Ի դեպ, ՄիքայելՄելքումյանը տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ ապրիլի 28-ի հուժկու հանրահավաքը տեղի չի ունենա, կտեղափոխվի մեկ այլ օր։