«Ոչինչ չի կարող փոխվել. մենք ավելի շատ հիմարի վիճակում կհայտնվենք» (տեսանյութ)
Նոր կառավարությունը ոչինչ չի կարող փոխել դեպի դրականը։ Համոզված է ազատամարտիկ, «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։ Նրա հետ համակարծիք է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը։ Ուստի նրանք գտնում են, որ նոր կառավարության ձևավորումը ձևական բնույթ կկրի։ Գագիկ Գինոսյանի կարծիքով՝ Հայաստանում իրավիճակ փոխել կարող են միայն քաղաքացիները՝ իրենց պայքարով. «Ծիծաղելի է իշխանությունից սպասել ինչ-որ լուրջ բան, եթե այն չունի պետական ռազմավարություն, ազգային գաղափարախոսություն։ Նման մարդկանցից որևէ բան սպասել պետք չի, տվյալ պարագայում մենք ավելի շատ հիմարի վիճակում կհայտնվենք»,- ասաց Գագիկ Գինոսյանը, իսկ Ալեք Ենիգոմշյանը հավելեց. «Քանի դեռ իշխանությունը սերտաճել է քրեաօլիգարխիկ համակարգին, ասել, թե նրանք կմտածեն ժողովրդի մասին, անիմաստ է։ Հովիկ Աբրահամյանը այդ համակարգի ակնառու ներկայացուցիչներից էր»։ Բանախոսները նաև անդրադարձան Սիրիայի հայաբնակ Քեսաբի դեպքերին՝ ընդգծելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս հարցում ևս պարտություն ունեցավ. «Քեսաբի կապակցությամբ Հայաստանի իշխանության պահվածքը ադեկվատ չէր։ Հայկական բնակավայրերի նկատմամբ կատարվել է ոտնձգություն, իսկ մեր պետության իշխանությունները մնացին լուռ, ու դեռ մատ են թափ տալիս այն մարդկանց վրա, ովքեր ցանկություն են հայտնում կամավոր գնալ Քեսաբ»,- նշեց Ալեք Ենիգոմշյանը, Գագիկ Գինոսյանն էլ եզրափակեց. «Հայաստանը պետք է գործուն խաղացող դառնա միջազգային քաղաքականության դաշտում, գոնե այս հարցում, եթե այդպիսին լիներ, նա կկարողանա ազդել գործընթացների վրա»։