Քառյակը շատ մոտեցումներից է հրաժարվել (տեսանյութ)
«Եթե մենք այսօր այս իշխանությանը դիտում ենք որպես թշնամի, երբ մենք գանք նրանց տեղը, մեզ են ընկալելու որպես թշնամի»,-Ծաղկաձորում ընթացող համաժողովում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ ոչ իշխանական քառյակը շատ մոտեցումներից է հրաժարվել։ «Մեզ համար ընդունելի չեն ծայահեղ ազատական մոտեցումները, երբ մեջբերվում է Ադամ Սմիթը որպես դասական: Պետության դերի վերաիմաստավորումը եւ արժեվորումը շատ կարեւոր է: Պետություն եւ իշխանություն հասկացությունների տարանջատումը շատ հստակ պետք է լինի»,-ասաց նա։ ՀԱԿ եւ «Ժառանգության» ներկայացուցիչներն, այսօր խոսելով տնտեսական ծրագրի մասին, շեշտը դրեցին քաղաքական փոփոխությունների վրա, որ միայն վիրահատության միջոցով հնարավոր կլինի երկրոււմ փոփոխություններ անել: Արծվիկ Մինասյանը համաձայն չէ երկրի ներսում թշնամանք սերմանելուն. «Համ մենք խոսում ենք, որ երկրում պակասում է վստահությունը, հավատը վաղվա նկատմամբ, համ փորձում ենք թշնամիներ փնտրել երկրի ներսում: Այս ձեւով մենք երկիրն այս վիճակից չենք կարող դուրս բերել»,-ասաց պատգամավորը: