«4 ուժերը պայքարը պետք է շարունակեն խորհրդարանում». Դեմ եմ
Դատախազությունը փորձում է վախեցնել «Դեմ եմ» նախաձեռնությանը. կարծում են հենց նախաձեռնության անդամները։ «Բայց վստահ եմ դա չի ստացվի, որովհետեւ այս դեպքում գործ ունեն բարձր իրավական գիտակցություն ունեցող մարդկանց հետ»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Դեմ եմ» -ի անդամ Գեւորգ Գորգիսյանը։ ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր անդրադարձել է «Դեմ եմ»-ի ապրիլի 9-ի նստացույցին եւ նշել, որ եթեւեկության խոչընդոտումը պատիժ է սահմանում։ «Սահմանադրության մեկնաբանություններում նշվում է, որ քաղաքացիական անհնազանդությունը դիմադրության ոչ բռնի, խաղաղ եղանակն է, երբ ժողովուրդը դեմ է արտահայտվում իշխանությունների քաղաքականությանը, այդ թվում նաեւ՝ ճանապարհների շրջափակման միջոցով»,-նշեց նախաձեռնության անդամ, իրավաբան Գեւորգ Հայրապետյանը։ «Դեմ եմ»-ի տղաները դատախազության այս հայտարարությունը կապում են նաեւ վաղը նախատեսված իրենց հավաքի հետ։ Վստահեցնում են՝ այն կայանալու է։ Մատենադարանի մոտ կայանալիք հանրահավաքին ներկա չեն լինի ոչ իշխանական 4 ուժերը։ Համենայնդեպս հարթակից ելույթ չեն ունենա. «Իրենց գործն այս փուլում կարելի է ասել կատարեցին, հիմա իրենք պետք է պայքարը շարունակեն խորհրդարանում»։