Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ը Հայոց Ցեղասպանության Ճանաչման նոր բանաձև է ներկայացրել

Քաղաքականություն
ամն1

Այսօր սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Մարկ Քըրքը Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նոր բանաձև են ներկայացրել,- հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար): «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին մենք ողջունում ենք սենատորներ Մենենդեսի և Քըրքի նախաձեռնությունը, որը վերապրածների փրկությանն ուղղված Ամերիկայի մարդասիրական միջամտության հիշեցումն է: Նախաձեռնությունը վկայում է նաև ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում սենատորների մշտական զգոնության մասին»,- ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Սենատի այս քայլը տեղի է ունենում այն ժամանակ, երբ անցած շաբաթ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և այդ հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Էլիոտ Էնգելը ներկայացրեցին Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ հաշվետվության 4347 բանաձևը: Այս բանաձևը Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունից պահանջում է տարեկան զեկույց Թուրքիայի ղեկավարած տարածքներում քրիստոնեական ունեցվածքները կողոպտելու, բռնագրավելու կամ չվերադարձնելու կարգավիճակի վերաբերյալ: Ռոյս-Էնգելի ջանքերը հիմնվում են 2011թ. Ներկայացուցիչների պալատում նմանատիպ բանաձևի բարեհաջող ընդունման վրա: «Հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որի ընթացքում շուրջ 1.5 միլիոն հայեր սպանվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից: Միայն մի քանի քաջ վերապրածներ են մնացել, ինչպիսին է օրինակ`Չիկագոյի 107-ամյա բնակիչ Հելեն Փալոյանը, ով կորցրել է իր ծնողներին և երկու եղբորը»,-ասել է սենատոր Քըրքը` հավելելով. «Վերապրածների և զոհվածների հիշատակը պատվելու համար, ինչպես նաև առաջնորդվելով համընդհանուր մարդու իրավունքներով, Միացյալ Նահանգները պետք է վերջապես միանան ԵՄ-ին և ՆԱՏՕ-ի դաշնակից 11 պետություններին`պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»:   «Հայոց ցեղասպանությունը սարսափելի փաստացի իրողություն է, որը երբեք չի կարող ժխտվել: Սույն բանաձևը ամենախիստ կերպով վերահաստատում է, որ մենք միշտ կհիշենք այս ողբերգությունը և կհարգենք անմեղ հայ տղամարդկանց, կանանց, երեխաների հիշատակը, ովքեր սպանվել և վտարվել են իրենց հայրենիքից: Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի և հիշատակվի նման դաժանությունների կրկնությունը կանխելու համար»: Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ սույն բանաձևում մասնավորապես ասվում է. «Ի հիշատակ 2014թ. ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության տարելիցի` ԱՄՆ նախագահը պետք է աշխատի անաչառ, կառուցողական, կայուն և ամուր հայ-թուրքական հարաբերություններ կառուցելու ուղղությամբ, որը կներառի Թուրքիայի Հանրապետության կառավարության` Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերի ամբողջական ընդունումը: Ինչպես նաև, ԱՄՆ նախագահը պետք է երաշխավորի, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը պատշաճ ըմբռնում և զգայունություն կցուցաբերի մարդու իրավունքների, մարդկության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների և ցեղասպանության վերաբերյալ խնդիրների նկատմամբ, որոնք փաստագրված են Հայոց ցեղասպանության մասին Միացյալ Նահանգների արձանագրություններում»: Ամերիկայի Հայկական Համագումար