«Գուցե Ծառուկյանը տեսել է դաշտը սեփականաշնորհելու միտում» (տեսանյութ)
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը կարծում է, որ ԱԺ 4 ուժերին առաջիկայում չի հաջողվի հասնել Կառավարության հրաժարականին։ «Առաջին փուլում չի հաջողվի հրաժարականին հասնել առանց լուրջ ճնշումների։ Լուրջ արդյունքի հնարավոր է հասնել այն դեպքում, եթե կա հստակ օրակարգ։ Հնարավոր է, որ այսօր ձեւավորվում է այդ օրակարգը, որին պետք է մասնակցեն տարբեր քաղաքական եւ քաղաքացիական ուժեր։ Սակայն այս պահի դրությամբ չկա այդ լայն մասնակցությունը »,-«Այբ-Ֆե»-ի հյուրասենյակում ասաց քաղաքագետը։ Ըստ նրա, որեւէ հարց հնարավոր չէ լուծել առանձին. «Խնդիրը նաեւ այն է, որ բոլորը հասկանում են՝ որպեսզի հասարակությունը աջակցի, անհրաժեշտ է, որ մի քանի քաղաքական ուժեր համագործակցեն»։ Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պահանջներին, քաղաքագետը դժվարանում է ասել, թե իրականում սա իր բնույթով ինչ տեսակի գործընթաց է. «Կարող են տարբեր սցենարներ լինել, սկսած նրանից, որ այս ամենը իմիտացիա է, որ ուզում են ուշադրությունը շեղել ինչ-ինչ հարցերից եւ վերջացրած նրանով, որ ԲՀԿ-ն վերանայել է իր դիրքորոշումը, որն ուներ նախկինում»,-նշեց Էդգար Վարդանյանը՝ հավելելով, որ միգուցե Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի թիմի կողմից տեսել է դաշտը սեփականաշնորհելու միտում, եւ որպեսզի դաշտում մնա՝ խաղից դուրս է եկել։ «Այսօր որեւէ տարբերակ հնարավոր չէ ապացուցել։ Այդ իսկ պատճառով պետք է բոլոր տարբերակները քննարկել»։