Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որտե՞ղ էր գրված ձեր լիազորությունը». ՍԴ նիստից

Քաղաքականություն
04.03.13.1_17

ՍԴ-ում այսօր կողմերի եւ բարձր դատարանի հարցերին պետք է պատասխանեն Կառավարության ներկայացուցիչները: ՍԴ-ն քննում է «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության եւ 4 ոչ քաղաքական ուժերի դիմումը՝ հակասահմանադրական ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ՝ հատկապես պարտադիր բաղադրիչի կիրառումը: Առաջինը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հարցերին պատասխանեց ԿԲ խորհրդի անդամ Ներսես Երիցյանը: Պարոն Հարությունյանը մասնավորապես հետաքրքրվեց՝ այս տարվա հունվարին կուտակային համակարգի 250 հազար մասնակցից այս պահին միայն 155-ն է ֆոնդեր ընտրել. «Ինչո՞վ եք դա պայմանավորում»: Ի պատասխան Ներսես Երիցյանը հայտարարեց. «Սկզբնական շրջանում ընտրողների թիվը լինում է սակավ՝ պայմանավորված համակարգի բարդությամբ, նաեւ ֆինանսական գիտելիքների պակասով: Դրա համար համակարգի ընտրության մի հնարավորությունն էլ կար՝ լռելյայն ընտրություն՝ ընտրել չընտրելու տարբերակը, այսինքն՝ ընտրություն կատարում է համակարգիչը, այն էլ՝ պահպանողական ֆոնդ: Մասնակիցները սովորաբար մեկ-երկու տարի սպասում են, հետեւում կատարողականին ու երբ արդեն պատրաստ են ինքնուրույն որոշումներ կատարելու, ընտրությունն ավելի մեծ է լինում»: Գագիկ Հարությունյանը նկատեց, որ պարոն Երիցյանը շատ էր ոգեւորվել հատկապես Չիլիի կենսաթոշակային համակարգի օրինակով. «Մենք ուսումնասիրել ենք Չիլիի օրինակը եւ տեսել, որ նրանք վերանայել են իրենց համակարգը: Եվ խնդրում եմ՝ ելույթ մի ունեցեք, այլ կոնկրետ պատասխանեք հարցին՝ ինչպիսի՞ դասեր եք քաղել այս հանգամանքից»: «Մենք օպտիմալ տարիքն ենք ընտրել, թե երբ կարող է քաղաքացին փոխհատուցում ստանալ»,- պատասխանեց Ներսես Երիցյանը: ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հետաքրքրվեց նրանից. «Պարոն Երիցյան, որտե՞ղ էր գրված ձեր լիազորությունը, որ մենք կասեցման որոշում ենք կայացնում պարտադիր բաղադրիչի մինչեւ ՍԴ նիստ, իսկ դուք ստիպում եք գործատուներին վճարումներ կատարել»: «Մենք իրավունք չունենք մեկնաբանել ՍԴ որոշումները, մենք ընդամենը պրոֆեսիոնալ հետեւություններ ենք արել ու որոշում կայացրել՝ իրավիճակը կայուն պահելու համար, սակայն այդ որոշումը պարտադիր չի եղել»,- պատասխանեց ԿԲ անդամը: Նշենք, որ ՍԴ հունվարյան որոշումից հետո՝ կենսաթոշակային կուտակումները պարտադիր չլինելու հանգամանքը մինչեւ ՍԴ նիստ, ԿԲ-ն եւ ապա՝ Ֆինանսների նախարարությունը հայտարարություններով հանդես եկան՝ եթե գործատուն չկատարի համապատասխան փոխանցումները, ապա կենթարկվի վարչական պատասխանատվության: