Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնյաների հետ Քեսաբի իրավիճակն են քննարկել

Քաղաքականություն

Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և ԱՄՆ-ի Հայկական Եկեղեցու Արևելյան թեմի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Վիգեն Այկազյանը երեկ հանդիպել են ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշոնյաների հետ՝ Քեսաբում հայկական համայնքի ներկայիս ծանր վիճակը քննարկելու համար։ Արքեպիսկոպոս Վիգեն Այկազյանը նախկինում եղել է Եկեղեցիների Ազգային Խորհրդի նախագահը և աշխատել նախագահ Օբամային կից Միջկրոնական երկխոսության և համագործակցության խորհրդակցական ժողովում։ Այս հանդիպումից մի քանի օր առաջ Համագումարը հատուկ նամակ էր հղել նախագահ Օբամային, որտեղ կոչ էր արվում նախագահի վարչակազմին քայլեր ձեռնարկել Քեսաբի հայությանը պաշտպանելու և աջակցելու ուղղությամբ։ Մասնավորապես նամակում ասվում էր. «Մենք կոչ ենք անում նախագահ Օբամային ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ոչ միայն Քեսաբի քրիստոնյա հայ համայնքը պաշտպանելու, այլև բոլոր փոքրամասնությունների համայնքներին ՄԱԿ-ի հետ համատեղ պաշտպանելու ուղղությամբ: Ի լրումն, մենք կոչ ենք անում նախագահ Օբամային հրապարակավ հայտարարել, որ Միացյալ Նահանգները չեն հանդուրժի ՆԱՏՕ-ում իր դաշնակցի` ծայրահեղական խմբերին աջակցելու քաղաքականությունը»:   Հանդիպման ընթացքում Ամերիկայի Հայկական Համագումարի և Արևելյան Թեմի ներկայացուցիչները կարծիք հայտնեցին այն մասին, որ հարձակումը Քեսաբի վրա, որը խաղաղ կյանք է վարում և ներգրավված չի սիրիական քաղաքացիական պատերազմին, մահմեդական ծայրահեղականների կողմից հակամարտությունը սրելու վառ դրսևորում է։   Միաժամանակ Համագումարը ողջունում է ՀՀ խորհրդարանական պատվիրակության այս շաբաթ տեղի ունեցած այցը Լաթաքիա, որտեղ ապաստան են գտել քեսաբահայերը։ Այս այցը մատնանշում է մեր համայնքներին պաշտպանելու և ծանր պահերին միասին լինելու կարևորությունը։ Այս մասին հայտնում է Համագումարի մամլո ծառայությունը։