Սեւանն է՞լ կցամաքի
Հայաստանն էկոլոգիական աղետի առջեւ է կանգնած։ Այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ բոլոր պատասխանատու անձինք, այդ թվում՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, որոնք երկար տարիներ աշխատում են կառավարությունում, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Անդրանիկ Անդրեասյանը Սեւանի հարցով զեկուցող էր։ Այս տարի նախատեսվում է ավելացնել լճից առավելագույն բացթողումը` ներկա 170 մլն խորանարդ մետրից հասցնելով տարեկան 240 մլն խորանարդ մետրի։ «Այստեղ քրեական հանցակազմ կա, եւ կոնկրետ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն։ Եթե նրանք պատասխանատվություն չկրեն, Սեւանն էլ կցամաքեցնեք նույն հաջողությամբ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս հիշեցրեց, որ 5-6 տարի է՝ խոսվում է Եղվարդի ջրամբարի կառուցման մասին, սակայն ոչ մի քայլ չի կատարվում այդ ուղղությամբ։ Ձկնաբուծարաններն էլ ավելանում են։ Իսկ Գագիկ Ջհանգիրյանն էլ հիշեցրեց, որ միայն Եղվարդի ջրամբարի կառուցումը կլուծի 8000 հա հողի ոռոգման խնդիրը։ Սակայն ոչ մի ջրամբար այս տարի էլ չի կառուցվում. «Չնայած սա իշխանությունների նախընտրական խոստումներից է եղել»։ Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց, որ 500 ապօրինի հորերից փակվել է ընդամենը 42-ը։ ԱԺ-ն իր աշխատանքները կշարունակի ապրիլի 28-ին։