ԱԺ-ում հակահարվածը շարունակվում է. Զուրաբյանը՝ Աշոտյանին (տեսանյութ)
«Այս դահլիճում երիտասարդ, բայց, ինչպես ինքն է արտահայտվել, վաղ տարիքում իր քաղաքական կուսությունը կորցրած նախարարը մի ամբողջ օր փորձում էր ներկայացնել առաջարկած նախագիծը, որպես բարեփոխում կրթության բնագավառում: Դուք Կրթության եւ գիտության բնագավառում երբեք որեւէ բարեփոխում չեք կատարել»,-իր ելույթում նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Պարոն Զուրաբյանի խոսքով՝ ՀՀԿ-ական իշխանությունների բոլոր քայլերը կրթության բնագավառում մեկ նպատակ ունեն` տոտալ կուսակցական վերահսկողություն հաստատել կրթական հաստատությունների վրա. «Պարոնայք հանրապետականներ, դուք որեւէ բարեփոխում, գործողություն, քայլ չեք կատարել հանուն բարեփոխման կամ կրթության զարգացման: Ձեր բոլոր գործությունները` հրաման, կամ հեռախոսազանգ, ուղղված են եղել բացառապես մեկ նպատակի իրականացմանը` ուսումնական հաստատություններում` դպրոցներում, ձեր կուսակցության կողմից տոտալ վերահսկողության հաստատմանը», - նշեց Զուրաբյանը: ՀԱԿ խմբակցության ղեկավարը մեղադրեց օրինագծի հեղինակներին պատրաստման գործում փնթի գտնվելու եւ copy-past անելու մեջ. «Օրենքի հիմնավորումների մեջ մենք գտնում ենք անփութորեն արված մի նախադասություն. «Ակադեմիական ազատության եւ ինքնակառավարման իրավունքի պայմաններում շատ ժամանակ գործադիր օղակը դժվարանում է արձագանքել աշխատաշուկային արագ փոփոխություններին»: Ահա թե որտեղ է թաքնված «շան գլուխը», այն մեծագույն չարիքը, որի դեմ ստիպված է պայքարել գիտության եւ կրթության նախարարությունը: Ահա սրան են ուղղված ձեր բոլոր բարեփոխումները»,-ասաց պատգամավորը։ Հիշեցնենք, ԱԺ-ն շարունակում է «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարության առաջարկած քննարկումը: