Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը պետք է չեզոք դիրքորոշում հայտնի» (տեսանյութ)

Քաղաքականություն
ervand

Ղրիմի ինքնորոշման հարցում Հայաստանը պետք է հայտարարի իր չեզոքության մասին. այս մասին այսօր հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Նրա կարծիքով, Հայաստանի համար կարևոր է, թե ինչպես կընդունեն մեր երկրի դիրքորոշումը Արևմուտքն ու Ռուսաստանը։ Ղրիմի ինքնորոշումն ընդունելը, ըստ քաղաքագետի, բացասական կդիտվի Արևմուտքի կողմից։ Ռուսաստանի պարագայում ինքնորոշումը չընդունելը հետագայում կարող է բացասական անդրադարձ ունենալ Ղարաբաղի խնդրի լուծման վրա։ Անդրադառնալով Ուկրաինայում կատարված իրադարձություններին, մասնավորապես Մայդանին, Երվանդ Բոզոյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում հավասարապես մեղավոր են և իշխանությունները, եւ ընդդիմությունը։ Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանն այս ամենից կարող է հետևություններ անել և երկրի ներսում ծագած խնդիրները չդարձնել այլ երկրների քննարկման թեմա, առավել ևս՝ օգնություն սպասել այլ երկրներից։ Ղրիմի շուրջ ծավալված Արևմուտք-Ռուսաստան հակամարտության խորացման դեպքում այն կարող է տեղափոխվել Անդրկովկաս, կարծում է քաղաքագետը։ Այդ դեպքում այն իր բացասական հետևանքները կունենա նաև Ղարաբաղի խնդրի լուծման վրա։ Երվանդ Բոզոյանը համոզված է, որ այդ պարագայում Ղարաբաղը կարող է դառնալ աշխարհաքաղաքական հակամարտությունների թատերաբեմ։ Նա նաև չի բացառում, որ այդ տարբերակում կարող է ակտիվանալ նաև Ադրբեջանը, ինչն իր հերթին կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։