«Ժամանակն է Ալեքսանդր Սարգսյանին ասել ոչ թե պարոն 50, այլ պարոն 70 տոկոս»
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Արագաչափերի, տեսանկարահանող սարքերի տեղադրման, վճարովի ավտոկայանատեղերի, ուղեւորափոխադրման ուղեվարձի» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ելույթը սկսեց` հիշեցնելով, որ իրենք մի քանի ամիս առաջ ներկայացրել են արագաչափերի, տեսանկարահանող սարքերի տեղադրման, վճարովի ավտոկայանատեղերի, ուղեւորափոխադրման ուղեվարձի լուծումներ, որոնք արժանացել են մի շարք քաղաքական ուժերի հավանությանը. «Իսկ այսօր հանրապետական մի քանի պատգամավորներ հայտարարեցին, որ փոխանակ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գանք, մենք փորձում ենք զբաղվել «հանձնաժողովաստեղծությամբ»։ Ըստ նրա՝ մի քանի ամիս առաջ ներկայացրած լուծումներով, իրենք առաջարկել են վերացնել վճարովի ավտոկանգառները, երթեւեկության կանոնների համար սահմանված տուգանքները նվազեցնել 5 անգամ, երթեւեկության կանոնների խախտումներից ստացված եկամուտների 70 տոկոսը փոխանցել պետբյուջեի հատուկ ֆոնդ՝ հանրային տրանսպորտը սուբսիդավորելու համար։ «Մենք անիմաստ ենք համարում այս օրինագծերը օրինականացնել, քանի որ այստեղ պարզ է, որ դուք չեք ընդունում որեւէ առաջարկ, ուստի մենք կենտրոնացել ենք ձեր չարաշահումները բացահայտելու վրա: Սա դարձել է մեր զենքը, որով մենք ապացուցում ենք, որ դուք ոչ մի պատասխան չունեք բարձրացված հարցերին: Ինչպես «Սեքյուրիթի Դրիմը», այնպես էլ՝ «Փարքինգ Սիթին», բաշխվում են նույն համամասնությամբ: Երկու դեպքում էլ, երբ ոլորտը կարգավորված չէր, մենք գիտեինք, որ ՃՈ տեսուչները, իսկ կայանատեղիների դեպքում՝ անհասկանալի մարդիկ, զբաղված են դրամահավաքով: Իսկ հիմա այս կոռուպցիոն սխեման օրինականացվել է: Այս փողերը գնում են Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի բարեկամ՝ ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանի գրպանները: Անգամ փորձ չի արվել հերքելու այս տեղեկությունները: Եթե առաջ կոռուպցիոն դրամահավաքին մասնակցում էին հազարավոր մարդիկ, այսօր արդեն օրինական ձեւով գումարները հոսում են նեղ կլանի գրպանը: Սրա միակ օգուտն այն է, որ մենք հասկացանք, թե իշխող կլանը ինչպես է բաժանում միջոցները իր եւ պետության միջեւ: Ժամանակն է Ալեքսանդր Սարգսյանին ասել, ոչ թե պարոն 50 տոկոս, այլ պարոն 70 տոկոս»,-ասաց Լեւոն Զուրաբյանը։