Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում Էրդողանի հրամանով արգելափակվել է «Թվիթերը»

Քաղաքականություն
տվիտեր

Թուրքիայի տարածքում արգելափակվել է օգտատերերի մուտքը «Թվիթեր» միկրոբլոգների ցանց։ Այս մասին հայտնում է BBC-ն ։ Օգտատերերը հայտնում են, որ twitter.com մուտք գործելու դեպքում կայքը վերահասցեագրվում է դեպի ծանուցում այն մասին, որ կայքը արգելափակված է դատարանի որոշմամբ։ Փակվելուց մի քանի ժամ առաջ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ էր ունեցել նախընտրական հանրահավաքում՝ հայտարարելով, որ պատրաստվում է «արմատախիլ անել» «Թվիթերը»։ Վերջերս միկրոբլոգների այս ցանցում շատ տեղեկություններ են հայտնվում Էրդողանի մերձավոր շրջապատում կոռուպցիայի վերաբերյալ։ «Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ է ասում միջազգային հանրությունը։ Բոլորը կհամոզվեն Թուրքիայի Հանրապետության ուժի մեջ»,- իր ելույթում զգուշացրել էր Էրդողանը։ Նա նախկինում արդեն սպառնացել էր փակել մուտքը սոցիալական ցանցեր այն պատճառաբանությամբ, թե ընդդիմությունը կայքերն օգտագործում է կառավարության և անձամբ վարչապետի վրա հարձակվելու համար։ Սոցիալական ցանցերում Էրդողանին բազմիցս մեղադրել են կոռուպցիայի մեջ, իսկ ավելի վաղ YouTube վիդեոպորտալում հայտնվել էր հեռախոսազրույցի ձայնագրություն, որում Էրդողնը որդու հետ քննարկում է, թե ինչպես ազատվի մեծ գումարներից։ Վարչապետի գրասենյակը հայտնել է, թե «Թվիթերը» որևէ կերպ չի արձագանքել թուրքական դատարանի որոշմանը՝ էջերից հեռացնել որոշ հղումներ, ինչն էլ Թուրքիայի իշխանություններին ստիպել է արգելափակել կայքը։ «Թվիթեր» ընկերությունը դեռ որևէ կերպ չի մեկնաբանում կատարվածը։ Թուրքիայում այս սոցիալական ցանցից օգտվում է մոտ 10 միլիոն օգտատեր։ 2010 թվականին Թուրքիայում արգելափակեցին YouTube վիդեոպորտալը։ Դրանից երկու տարի առաջ իշխանությունները YouTube-ին մեղադրել էին այնպիսի վիդեոնյութեր տեղադրելու մեջ, որոնք, իբր, անվանարկում են Թուրքիայի ժամանակակից պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքին։