«Եթե Ծառուկյանը զբաղվի միայն բիզնեսով, ԲՀԿ-ն կդառնա ՃԿԿ» (տեսանյութ)
Մինչեւ ապրիլի 28-ը սպասել կառավարությանն անվստահություն հայտնելու 4 ուժերի գործողություններին՝ խորհուրդ է տալիս քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Նրա խոսքերով՝ սակայն հստակ չի երեւում, թե ինչ փոփոխություններ է պատրաստվում անել քառյակը։ «Ճիշտ է պահանջում են, ճիշտ է հիմնվում են բավական օբյեկտիվ, սոցիալական դժգոհության վրա, բայց չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես են հասնելու դրան։ ՀՀԿ-ն ունի բացարձակ մեծամասնություն։ Եթե գալիս են կոնսենսուսի, ՀՀԿ-ն ընդունում է ինչ- որ բաներ… ՀՀԿ-ի հռետորիկայից ես առայժմ դա չեմ զգում, որ պատրաստ է զիջումների։ Եթե կառավարությունը անգամ փոխվի, կրկին հանրապետականից է լինելու։ Ինձ համար դա անհասկանալի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Պարոն Քոչարյանի համար միակ լուրջ կուսակցությունը ՀՅԴ-ն է, որն ապացուցել է, որ աշխատում է բոլոր պայմաններում։ Նրա խոսքերով, որ օրը ՀԱԿ առանջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասի, որ չի զբաղվում քաղաքականությամբ, ՀԱԿ կուսակցությունը գոյություն չի ունենա։ «Որ օրը Գագիկ Ծառուկյանն ասի, որ ինքը միայն բիզնեսով է զբաղվելու, ԲՀԿ-ն կդառնա ՃԿԿ։ Ժառանգությունում կենտրոն չկա՝ մարդկանց հավաքվելու համար, իսկ ՀՀԿ-ում էլ կմնա մի բուռ մարդ»,- ասաց նա։