Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղրիմ. տեղեկություններ հակամարտության առաջին զոհերի մասին

Քաղաքականություն
fotolur2

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Ղրիմում գտնվող ուկրաինացի զինվորականներին թույլատրել է զենք կիրառել։ Այս մասին հայտնում է BBC-ն  ՝ նշելով, որ այս որոշումը բացատրվում է Սիմֆերոպոլում ուկրաինական զորամասի վրա գրոհի ժամանակ զինծառայողի զոհվելով։ «Ուկրաինացի զինծառայողների կյանքի պահպանության համար Ուկրաինայի ԶՈւ՝ Ղրիմի ԻՀ-ում տեղակայված զորամասերին թույլատրվում է կիրառել զենք՝ համաձայն Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնակատարի և Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի որոշման, Գլխավոր շտաբի պետի՝ Ուկրաինայի գլխավոր հրամանատարի հրամանի հիման վրա»,- ասվում է Ուկրաինայի ՊՆ-ի հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ զոհվածը՝ պրապորշչիկ Կակուրինը, ծառայում էր Սիմֆերեպոլում՝ Ուկրաինայի Զինված ուժերի օպերատիվ ապահովման գլխավոր վարչությունում։ Ուկրաինացի ևս երկու զինծառայող բախումների ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։ Համաձայն Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության՝ հարձակվողները կրել են Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողների զինվորական համազգեստ՝ առանց տարբերանշանների, և զինված են եղել ավտոմատ ու դիպուկահար զենքով։ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Միխայիլ Կուցինը այս գիշեր հեռախոսային բանակցություններ է վարել ռուսական զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։ Կուցինը հայտարարել է, որ զինվորականների զոհվելը հետևանք է Ղրիմի հակամարտությանը ռուսական բանակի անմիջական մասնակցության։ Կուցինը նաև կոչ է արել Գերասիմովին արգելափակումից հանել թերակղզում գտնվող ուկրաինական զորամասերը և ռուս զինվորներին վերադարձնել բազաներ։ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը ռուս գործընկերոջն առաջարկել է ստեղծել հանձնաժողով՝ թույլ չտալու համար հակամարտության հետագա թեժացում։