Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
597f89254efc70f4eaf0676d79de2151

Եվրամիության երկրների արտգործնախարարները որոշում են, թե հատկապես ինչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ Ղրիմում երեկ անցկացված հանրաքվեի առիթով։ Այս մասին հայտնում է BBC-ն ։ Այսօր ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Քեթրին Էշթոնի մասնակցությամբ քննարկում են ռուսաստանցի այն կոնկրետ անձանց ցուցակը, ում հաշիվները ԵՄ-ում կսառեցվեն, և ում չեն տրվի ԵՄ մուտքի արտոնագրեր։ ԵՄ-ն արդեն դադարեցրել է Ռուսաստանի հետ բանակցությունները՝ առևտրի, ինչպես նաև վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ։ Եվրամիությունն արդեն հայտարարել է, որ եթե այս պատժամիջոցները որևէ կերպ չազդեն Մոսկվայի քաղաքականության վրա, կամ Ռուսաստանը ռազմական գործողություններ ձեռնարկի Ուկրաինայի արևելքում, ապա Բրյուսելը Ռուսաստանի դեմ կկիրառի հավելյալ, այդ թվում նաև՝ տնտեսական պատժամիջոցներ։ Ղրիմի Գերագույն խորհրդի՝ մարտի 16-ի հանրաքվեի կազմակերպման գծով հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևը հայտարարել է, որ հանրաքվեի մասնակիցների 96,77 տոկոսը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին։ Հանրաքվեին մասնակցությունը, նրա խոսքով, կազմել է 82,71 տոկոս։ Հանրաքվեն,սակայն, ոչ լեգիտիմ են համարում Կիևը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն։ Քվեարկությունը բոյկոտել են Կիևին հավատարիմ շատ ղրիմցիներ։ Ղրիմի թաթարների Մեջլիսում BBC-ի թղթակցին հայտնել են, որ Ղրիմի թաթարների ավելի քան 95 տոկոսը կողմ է եղել քվեարկությունը բոյկոտելու որոշմանը։