Էթիկայի հանձնաժողովը կքննի նաեւ Նիկոլ Փաշինյանի հարցը (տեսանյութ)
2 դիմում վարույթում, մեկ դիմումի քննության 20 օրով հետաձգում: Այսօր նման որոշում է ընդունել ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նոր կազմը` օրակարգում եղած 3 հարցի վերաբերյալ: Հետաձգված դիմումը վերաբերում էր եզդիների երկու ՀԿ-ներին, որոնք դեռ անցած տարի հանձնաժողովին խնդրել էին քննել ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի վարքը, որը վիրավորել էր եզդի համայնքին։ Եզդի համայնքի դիմումատու ՀԿ-ներից որեւէ մեկին նիստին մասնակցելու հրավեր չի եղել, ինչպես նաեւ` դարձյալ պարզ չէ` ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը կներկայանա՞ հաջորդ նիստին՝ անձամբ պարզաբանումներ տալու: Փոխարենը «Սինջար եզդիներ ազգային միավորում» ՀԿ ղեկավար Բորիս Մուրազին շարունակում է պնդել իրենց տեսակետը. «Մեզ հետաքրքրում է իրենց որոշումը, այսինքն` այն, ինչ իրենք որոշեն, մենք ըստ այդմ կորոշենք` ինչ պետք է անել, ինչ պետք է չանել: Մեզ հարկավոր է արձանագրել այն, ինչ կա իրականում, այսինքն` մյուս կուսակցությունների ներկայացուցիչները համաձա՞յն են պարոն Բադեյանի հետ, թե ոչ»:
Վարույթ ընդունված դիմումներից մեկը վերաբերում էր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Նա դիմել էր հանձնաժողով, որպեսզի թույլատրվի իրեն գլխավորել «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրական խորհուրդը` հասարակական հիմունքներով:
Մյուս դիմումով մի խումբ լրագրողներ պահանջում են պատասխանատվության ենթարկել ՀՀԿ մեկ այլ պատգամավորի` Առաքել Մովսիսյանին: Պատգամավորը ԱԺ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր գազի հարցը, վիրավորել էր նիստերի դահլիճում բողոքի ակցիա անցկացնող լրագրողներին: 2-րդ դիմումի զեկուցողը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն է. «Այստեղ բավականին նրբություններ կան, առաջիկայում ես կհանդիպեմ երկու կողմերի հետ էլ, կհասկանանք խնդիրը եւ ըստ այդմ` առաջ կգնանք»:
Ի դեպ, Էթիկայի հանձնաժողովի նիստին ներկա էր 3 անդամ, սակայն դա քվորումի ապահովման խնդիր չէր առաջացրել: ՀԱԿ ներկայացուցիչը բոյկոտում է հանձնաժողովի աշխատանքները: