Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օբաման հեռախոսով զրուցել է Պուտինի հետ

Քաղաքականություն
140302072846_obama_464x261_reuters

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում շեշտել է, որ Ղրիմում «հանրաքվեն» անցկացվել է Ուկրաինայի սահմանադրության խախտմամբ և տեղի է ունեցել Ռուսաստանի ռազմական միջամտությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Օբաման շեշտել է, որ Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունները խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և, Եվրոպայի գործընկերների հետ միասին, ԱՄՆ-ը նախատեսում է, որ Ռուսաստանը «լրացուցիչ գին կվճարի այս գործողությունների համար»: Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Օբաման շեշտել է, որ դեռևս առկա է ինչպես Ռուսատանի, այնպես էլ Ուկրաինայի շահերից ելնող հստակ ուղի՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար: ԱՄՆ նախագահը նշել է, որ Ուկրաինայի կառավարությունը շարունակում է ընդունել ճգնաժամի լարվածությունը նվազեցնելուն ուղղված հստակ քայլեր, և դիմել է Ռուսաստանին որևէ խմբավորման կողմից բռնությունների կանխման նպատակով միջազգային դիտորդներ ուղարկելու նախաձեռնությունը սատարելու պահանջով: «Նախագահ Օբաման վերահաստատել է, որ դիվանագիտական լուծման անհնար է հասնել, քանի դեռ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են իրենց ներխուժումն Ուկրաինայի տարածք, իսկ Ուկրաինայի սահմանների մոտակայքում Ռուսաստանի կողմից անցկացվող լայնածավալ զորավարժությունները միմիայն ավելացնում են լարվածությունը», - ասված է ԱՄՆ Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: ԱՄՆ նախագահ Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ ասված է նաև, որ նախագահ Օբաման տեղեկացրել է Ռուսաստանի նախագահին, որ ԱՄՆ արտգործնախարար Ջոն Քերրին շարունակում է պատրաստակամ մնալ աշխատելու Ռուսաստանի արտգործնախար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի կառավարության հետ՝ ճգնաժամին դիվանագիտական լուծում փնտրելու ուղղությամբ: Ամերիկայի ձայն