Կոնգրեսականը՝ հայկական հարցի մասին
Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար), այսօրվա լսումների ժամանակ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա) գովաբանեց պետքարտուղար Ջոն Քերիին` Սենատում աշխատելու տարիներին Հայոց Ցեղասպանությանը վերաբերող իր ջանքերի համար և քաջալերեց նրան շարունակել աջակցել Միացյալ Նահանգների` Հայոց Ցեղասպանության ճանաչմանը: «Ես ողջունում եմ Ձեզ որպես սենատոր Քերի` Ձեր անհավանական ջանքերի համար, որով պայքարել եք Հայոց Ցեղասպանության ճանաչման համար և հույս ունեմ, որ որպես պետքարտուղար Քերի Դուք նույն կերպ կվարվեք»,- հայտնեց Շերմանը: Շերմանը պետքարտուղարի հետ հարց ու պատասխանի ընթացքում նաև մտահոգություն հայտնեց հայերի նկատմամբ Ադրբեջանի թշնամական գործողությունների վերաբերյալ և հիշեցրեց 2004թ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի ուսումնական դասընթացի ժամանակ ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացրած ՀՀ բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի պարբերական սպառնալիքները` ոչնչացնելու ցանկացած ինքնաթիռ, որը կանցնի Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի օդանավակայանով: «Ադրբեջանի զինվորին, ով սպանեց քնած հայ զինվորին ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ, փառաբանեցին և նրա կոչումը բարձրացրեցին, ու հաշվի առնելով մյուս ագրեսիվ գործողությունները` հույս ունեմ, որ Դուք կվերանայեք Ադրբեջանին որևէ ռազմական օգնության հարցը և, թերևս, չեք ցուցաբերի»,- հայտարարեց Շերմանը` հավելելով. «Հույս ունեմ, որ Դուք նաև կզգուշացնեք ադրբեջանցիներին, որ պատվաբեր չէ նրանց համար` սպառնալ ոչնչացնել քաղաքացիական օդանավը, որը կթռչի դեպի Լեռնային Ղարաբաղի օդանավակայան»: «Մենք ողջունում ենք կոնգրեսական Շերմանին` այս հույժ կարևոր խնդիրները պետքարտուղար Քերիին ներկայացնելու համար»,- հայտնեց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և շարունակելով խոսքն ասաց. «Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին կոնգրեսական Շերմանի դիտողությունները տեղին հիշեցում են ԱՄՆ վարչակազմին՝ կատարելու իր պարտավորությունները»: