Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զանգվածային ծեծկռտուք Դոնեցկում. կա զոհ

Քաղաքականություն
doneck

Դոնեցկի կենտրոնում մեկ մարդ է զոհվել «Հանուն միացյալ Ուկրաինայի» կարգախոսով ակցիայի մասնակիցների վրա ռուսամետ ցուցարարների հարձակման հետևանքով։ Մոտ 50 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ BBC-ն , հղում անելով «Դոնբասի նորություններ» էլեկտրոնային թերթին, հայտնում է, որ զոհերից մեկը Դոնեցկի 22-ամյա բնակիչ է, ով մահացել է դանակից ստացած վնասվածքներից շտապօգնության մեքենայում։ Տեղական հիվանդանոցի նեյրովիրաբուժական բաժանմունք է ընդունվել վնասվածքներով 11 մարդ։ Ոստիկանության և ներքին զորքերի աշխատակիցները օղակել էին «Հանուն միացյալ Ուկրաինայի» կարգախոսով հանրահավաքի մասնակիցներին։ Ռուսամետ ակտիվիստները, որոնք «օղակից» դուրս էին, սկսել են ճայթիչներ ու ձվեր նետել ակցիայի մասնակիցների վրա, ապա ճեղքել իրավապահների օղակը։ Ոստիկանությունը փորձել է իր ավտոբուսով դեպքի վայրից հեռացնել «Հանուն միացյալ Ուկրաինայի» ակցիայի մասնակիցներին, բայց ռուսամետ ակտիվիստները կոտրել են ավտոբուսի լուսամուտներն ու ճայթիչներ նետել սրահ։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան», սկսված զանգվածային ծեծկռտուքին երկու կողմից մասնակցել է մոտ 2 հազար մարդ։ Ոստիկանությունը ձերբակալել է առավել ագրեսիվ ակտիվիստներին, ովքեր խանգարում էին հանրահավաքի անցկացմանը։ Մոտ 500 ակտիվիստ մոտեցել է ոստիկանական մեքենաներին ու պահանջել ազատ արձակել ձերբակալվածներին։ Նրանք բղավել են «Բաց թող»՝ փորձելով շուռ տալ ոստիկանական մեքենաներն ու ծակելով անվադողերը։ Ոստիկանությունը ստիպված է եղել բաց թողնել ձերբակալվածներին։