Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԶԼՄ-ներին պատասխանատվության ենթարկելը կապ չունի ՄՄ-ի հետ» (տեսանյութ)

Քաղաքականություն
maruqyan

ԱԺ-ում շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել, վերջ կդնի ոլորտում տիրող ամենաթողությանը։ Վստահեցնում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի, ստեղծված նախաձեռնության անդամ Էդմոն Մարուքյանը։ «Խոսքը գնում է ֆեյք-պրոֆայլներ ստեղծելու, դրանց միջոցով մարդկանց վիրավորանք եւ զրպարտություն հասցնելու եւ այնուհետեւ դրանք որոշ ԶԼՄ-ներով բազմացնելու մասին։ Խոսքը չի գնում քննադատությունը գրաքննելու, նոր մահակ ստեղծելու եւ այլնի մասին, ինչը որ որոշ մարդիկ առանց նախագծի հետ ծանոթանալու կարծիքներ են արտահայտում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորը։ Պարոն Մարուքյանի խոսքով, «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը որեւէ կապ չունի Հայաստանի Մաքսային միություն մտնելու հետ. «Ուղղակի ունենք խնդիր, որը պետք է կարգավորենք ու նաեւ ունենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ, որոնցով հստակ չափանիշներ են սահմանվում։ Եթե գոյություն ունի լրատվական կայք եւ կայքի սեփականատերը ունի ակտիվ մոդերացիայի հնարավորություն, ապա նաեւ պետք է ունենա պատասխանատվություն։ Սա է ամբողջ գաղափարը»։ Ըստ Էդմոն Մարուքյանի՝ բոլոր երաշխիքները լինելու են, որ այդ իրավակարգավորումները որեւէ կերպ չազդեն ԶԼՄ-ների վրա։