«Վոլոդյա Ավետիսյանին խնդիր են դրել վերջնական դատել» (տեսանյութ)
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործն ընդունվել է դատական վարույթ, սակայն նիստի օրը դեռ նշանակված չէ: Դատավարությունը չսկսված՝ կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ազատամարտիկի ընկերներն արդեն կասկածում են երրորդ իշխանության արդար վճռին։ «Խաչակիրներ» հկ նախագահ Գագիկ Սարուխանյանը մեզ հետ զրույցում ասում է. «Դատական ատյանները, քննչական մարմինները, դատախազությունները այնքան են լկտիացել, որ ինչ ուզում՝ անում են»: «Իմ խորին համոզմամբ՝ Վոլոդյա Ավետիսյանին խնդիր են դրել կալանավորեն, վերջնական դատեն»,- ավելացնում է Խորեն Սամվելյանը: Վոլոդյա Ավետիսյանի ազատության համար պայքարողները պատրաստվում են ակցիաներով պահանջել արդարադատություն։ Նրանք վաղը կլինեն նույն վայրում, որտեղից Վոլոդյա Ավետիսյանը սկսեց պայքարը, այսինքն` Ազատության հրապարակում: Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի նախաձեռնության անդամ Խորեն Սամվելյանը նույնպես առաջնային է համարում ազատամարտիկների միավորումը: Նա արձանագրում է, որ ազատամարտիկների սոցիալական փաթեթի բարելավմանն ուղղված՝ Վոլոդյա Ավետիսյանի նախաձեռնած պայքարն այսօր արդեն մարել է: Վոլոդյա Ավետիսյանի կալանավորելուց հետո ազատամարտիկները բաժանվեցին երկու խմբի, որոնցից մեկը բարձրացրել է իշխանափոխության հարցը։ «Ցանկացած պայքարի մեջ որ մտնում ես, շատ կարևոր է, որ կոնկրետ ձևավորես պահանջները, Վոլոդյա Ավետիսյանը կոնկրետ ձևակերպել էր, իսկ հեղափոխություն ոչ մի խնդիր չկար ձևակերպված»,- ասում է Խորեն Սամվելյանը: Թե ինչու Վոլոդյա Ավետիսյանին կալանավորեցին, Խորեն Սամվելյանը ունի իր ենթադրությունը.«Ինչ-որ արդյունքի հասնում էր, Վոլոդյա Ավետիսյանին հաջողվում էր սոցիալական խնդրի շուրջ ազատամարտիկներին համախմբել»: Մեզ հետ հեռախոսազրույցում Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը տեղեկացրեց, որ ինքը դատարանից գործին առնչվող փաստաթղթեր չի ստացել: Տեսանյութը՝ ավելի ուշ