Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ նախագահը կհանդիպի Ուկրաինայի վարչապետի հետ

Քաղաքականություն
սպ

ԱՄՆ Սպիտակ տունը հրապարակել է հայտարարություն, որի համաձայն Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մարտի 12-ին կընդունի Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկին: «Այս այցը կվկայի վճռական այն աջակցության մասին, որը Միացյալ Նահանգները տրամադրում է ճգնաժամային այս վիճակում ոգեշնչող խիզախություն և տոկունություն ցուցաբերած Ուկրաինայի ժողովրդին: Նախագահ Օբաման և վարչապետ Յացենյուկը կքննարկեն Ղրիմում Ռուսաստանի ռազմական շարունակվող ներխուժման հետ կապված իրավիճակի խաղաղ կարգավորման տարբերակները: Նրանք քննարկելու են նաև այն աջակցությունը, որը միջազգային հանրությունը կարող է տրամադրել Ուկրաինային՝ երկրի առջև կանգնած տնտեսական խնդիրների լուծման հարցում, քննարկելու են նաև Ուկրաինայի միավորման նշանակությունը և այն ջանքերը, որոնք գործադրվում են՝ արդարացնելու համար այս տարվա մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին պատրաստվող Ուկրաինայի ժողովրդի սպասումները», - ասված է ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը նախօրեին հանդես էր եկել Միացյալ Նահանգներ Ուկրաինայի Ղրիմի տարածաշրջանի շուրջ չդադարող ճգնաժամի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով մոտակա ժամանակներում ուղևորվելու մասին: «Մեկնելու եմ Միացյալ Նահանգներ՝ մեր երկկողմանի և բազմակողմանի հարաբերություններում ստեղծվող իրավիճակի կարգավորման նպատակով ամենաբարձր մակարդակով հանդիպումներ անցկացնելու համար», - ասել էր Ուկրաինայի վարչապետը:  Ամերիկայի ձայն