Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

36 երթուղին դադարեցրել է իր աշխատանքը

Հասարակություն
5ac8716078cfe35dc68fde44733898d1

Ներքաղաքային ավտոբուսային թիվ 36 երթուղու սպասարկումն արդեն մեկ շաբաթ է՝ դադարեցված է։ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից «Ա1+»-ից հայտնեցին, որ սպասարկումը դադարեցվել է ցածր ուղեւորահոսքի եւ որպես հետեւանք՝ երթուղու շահագործման ոչ արդյունավետության պատճառով։ Հիշեցնենք, որ թիվ 36 երթուղին Ներքին Չարբախից ուղեւորներին հասցնում էր մինչեւ Նոր Նորքի 7-րդ զանգված։ Իսկ հիմա թիվ 36 երթուղուն կիսով չափ փոխարինում է 14 համարի երթուղին։ Ավտոբուսը Զեյթունից հասնում էր մինչեւ Էրեբունի օդանավակայան։ Սակայն հիմա ստիպված երկարացրել է ճանապարհը։ Հասնում է մինչեւ Ներքին Չարբախ՝ նախկին Դաշնամուրի գործարանի մոտ, հետո նոր գալիս «Էրեբունի» օդանավակայան։ Այստեղ եւս խնդիր է։ Մարդիկ «Էրեբունի» օդանավակայանի մոտից այլեւս չեն կարողանում նստել, ուղեւորները շատ են լինում։ Միաժամանակ Ներքին Չարբախի բնակիչները ստիպված երկու տրանսպորտ են փոխում՝ Նոր Նորքի զանգվածներ հասնելու համար։ «Արդեն հարմարվել էինք՝ նստում էինք ավտոբուսը եւ 100 դրամով հասնում Նոր Նորքի 7-րդ զանգված։ Հիմա ստիպված կրկնակի եմ վճարում։ Այդ ինչ գումար եմ աշխատում, որ օրեկան 400 դրամ էլ ճանապարհածախս տամ։ Մենակ իրենց մասին են մտածում։ Ես օրավարձով եմ աշխատում, 1500 դրամ եմ ստանում։ Հիմա ասեք ի՞նչ անեմ»,- հարց է տալիս Լուիզա Սարգսյանը։ Նրան շտապեց հանգստացնել ուղեւորներից մեկը. «Ինչո՞ւ ես իզուր տեղը բորբոքվում, միեւնույն է՝ ոչինչ չի փոխվելու»։