Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը ծանր է տանում հավաքները». «Դեմ եմ»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
dem-em-772

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները ամփոփեցին մարտի 7-ին անցկացված ակցիան, որի նպատակն էր ֆինանսների նախարարից պահանջել՝ հետեւել Սահմանադրությանը եւ հակաօրինական քայլերի չգնալ, ճնշումներ չգործադրել գործատուների վրա՝ կուտակային կենսաթոշակայինի համար պահումներ պարտադրելով, մինչեւ հարցը քննարկվի ՍԴ–ում։ Նախաձեռնության անդամների խոսքերով, ինչպես այս, այնպես էլ նախորդ ակցիաների ընթացքում, ոստիկանները կատարել են խախտումներ, բռնության փորձեր են արվել։ «Դեմ եմ»–ի անդամ Արտաշես Արաբաջյանը խոսեց բռնության դեպքերից մեկի մասին. «Երբ ակտիվիստ Հակոբին խեղդելով տանում էին, մենք Երեւանի փոխոստիկանապետ Վ. Օսիպյանին հարցրինք, թե ինչո՞ւ այդպես տարան նրան, Վ. Օսիպյանն էլ պատասխանեց, թե 25 տարի աշխատում է այդ ոլորտում, ու դեռ ոչ մեկին խեղդելով չեն տարել»։ Ակտիվիստները որոշել են նման բռնություններին պատասխան հակահարված տալ. «Կհավաքենք ու կկուտակենք բոլոր այն տեսանյութերը, որտեղ ոստիկանները ագրեսիվ են իրենց պահում եւ պատասխանատվության կենթարկենք, քանի որ ոստիկանությունը նման քայլեր անելու իրավունք չունի»,– հայտարարեց Արտաշես Արաբաջյանը։ Քննարկմանը մասնակցում էին նաեւ Երեւանի Մետրոպոլիտենի այն 3 աշխատակիցները, որոնց ազատել էին աշխատանքից։ Նրանք հայտնեցին, որ հայց են ներկայացրել դատարան՝ իրենց ապօրինաբար աշխատանքից ազատելու համար։ Նախկին աշխատակիցները մինչ այսօր գործազուրկ են։ Իրենց հետագա քայլերում «Դեմ եմ»–ը պատրաստվում է համալսարաններում տեղեկություններ տարածել, փողոցները փակել, սոցիալական տեսահոլովակներ նկարել, ակցիաներ ու հավաքներ անել։ «Սերժ Սարգսյանը ծանր է տանում, որ հավաքներ ենք անում, հենց դա էլ պետք է, մենք շարունակելու ենք մեր հավաքները»,– ասացին նախաձեռնության անդամները։